Ճապոնիայի վարչապետը ուղիղ չի մեկնաբանել Վենեսուելայում ԱՄՆ-ի գործողությունները
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին 2026 թվականի իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ դարձյալ չի մեկնաբանել Վենեսուելայում ԱՄՆ-ի գործողությունները, այլ միայն նշել է, որ կառավարության առաջնահերթությունը մնում են ճապոնացի քաղաքացիների անվտանգությունը և լատինաամերիկյան երկրում ժողովրդավարությունը վերականգնելու դիվանագիտական ջանքերը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նա, մասնավորապես, ասել է. «Վենեսուելայի մասին ձեր հարցի վերաբերյալ Ճապոնիայի կառավարությունը նախկինում ընդգծել է Վենեսուելայում ժողովրդավարությունն արագ վերականգնելու կարևորությունը։ Մեր երկիրը միշտ հավատարիմ է եղել այնպիսի հիմնարար արժեքներին և սկզբունքներին, ինչպիսիք են ազատությունը, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը։ Այս հետևողական դիրքորոշման հիման վրա Ճապոնիայի կառավարությունը կշարունակի սերտորեն համագործակցել ներգրավված երկրների, այդ թվում՝ G7-ի հետ՝ Վենեսուելայում ժողովրդավարությունը վերականգնելու և իրավիճակը կայունացնելու միջոցառումներ ապահովելու համար»:
Տակաիչին նաև հավելել է, որ կառավարությունը ձեռնարկում է բոլոր ջանքերը՝ Վենեսուելայում Ճապոնիայի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։


