Լարված իրավիճակ Իրանում. կան զոհեր ու վիրավորներ
Իրանում բողոքի զանգվածային ցույցերը չեն դադարում, իրավիճակը շարունակում է մնալ լարված, մի քանի քաղաքներում անկարգություններ են սկսվել, ոստիկանների ու ցուցարարների բախումների հետևանքով կան զոհեր ու վիրավորներ:
Սպահանում հրկիզվել է հեռուստատեսության և ռադիոկայանի շենքը։ Հաղորդվում է ուժեղ հրդեհի մասին:
Ըստ տարբեր աղբյուրների՝ Իրանում ինտերնետը սահմանափակված է։ Այս պահին իրանական պետական կայքեր մուտք գործել չի ստացվում։
«Իրանն այսօր» տելեգրամյան ալիքը հայտնել է, որ Ավստրալիայի և Հնդկաստանի դեսպանատներն իրենց քաղաքացիներին կոչ են արել չմեկնել Իրան։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երրորդ անգամ սպառնացել է Իրանի իշխանություններին՝ հայտարարելով, որ եթե «նրանք սպանեն ցուցարարներին, ապա ծանր հարված կստանան և դժոխքով կհատուցեն»։
Հիշեցնենք, որ անկարգությունները սկսվել են ԱՄՆ դոլարի հանդեպ գնաճի և ռիալի փլուզման պատճառով առաջացած զայրույթից, բայց արագորեն ընդլայնվել են։
Գործադուլը և ցույցերը տարածվել են ամբողջ երկրով մեկ, ամբոխը վանկարկել է նաև իշխող համակարգի դեմ, իսկ շուկայի առևտրականները խոստացել են շարունակել փակ պահել իրենց առևտրային կետերը։
Անկարգությունները սրվել են արժութային ճգնաժամի պատճառով, որը դոլարի փոխարժեքը հասցրել է մոտ 144,000 թումանի։ Անկարգությունների ֆոնին Իրանի կենտրոնական բանկի ղեկավարը հրաժարական է տվել, իսկ Փեզեշքիանը այդ պաշտոնին նշանակել է նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմմատիին՝ նպատակ ունենալով հանդարտացնել երկրի շուկաները։


