Հութիներն ավիաընկերություններին նախազգուշացրել են Սաուդյան Արաբիայի օդային տարածքում թռիչքների վտանգավորության մասին
Եմենի հյուսիսում իշխող հութիների շիական «Անսար Ալլահ» ռազմաքաղաքական շարժումն ավիաընկերություններին նախազգուշացրել է Սաուդյան Արաբիայի օդային տարածքում թռիչքների վտանգավորության մասին՝ Թագավորության դեմ ծրագրվող ռազմական գործողությունների ֆոնին։ Այս մասին տեղեկանում ենք հութիների հաղորդագրությունից, որը տարածել է «Անսար Ալլահի» պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմեդ Աբդեսսալամը:
«Առաջնորդվելով քաղաքացիական ավիացիայի անվտանգության նկատմամբ հոգածությամբ՝ մարդասիրական գործողությունների համակարգման կենտրոնը նախազգուշացնում է Սաուդյան Արաբիայի օդային տարածքում թռիչքներ իրականացնող բոլոր ավիաընկերություններին, որ այն անվտանգ չէ, քանի որ ռազմական գործողությունների թատերաբեմ է դառնալու մեր զինված ուժերի համար»,-ասված է հայտարարության մեջ։
Շարժումն ընդգծել է նաև, որ այս նախազգուշացումից հետո իրենք պատասխանատվություն չեն կրում թագավորության օդային տարածքի թռիչքների հնարավոր հետևանքների համար։
Հութիների և Եմենի՝ Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող միջազգայնորեն ճանաչված կառավարության ուժերի միջև դիմակայությունը վերսկսվել է հուլիսի կեսերին՝ չորս տարվա դադարից հետո։
Ինչպես հայտնի է՝ այդ ընթացքում հութիները վերահսկողություն են հաստատել Կարմիր ծովի արևմտյան ափի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանի մի շարք քաղաքների նկատմամբ։ Այսօր Եմենի միջազգայնորեն ճանաչված իշխանությունները հայտարարել են «Անսար Ալլահի» վերահսկողության տակ գտնվող Սանայի ազատագրման գործողության մեկնարկի մասին։
Միաժամանակ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է հութիների դիրքերի ուղղությամբ լայնածավալ ավիահարվածների մասին։ Նրանց տվյալներով՝ շուրջ 100 կործանիչ գրոհել է ավելի քան 300 թիրախ շարժման վերահսկողության տակ գտնվող տարածքներում՝ աջակցելով կառավարական ուժերի ցամաքային գործողությանը։



