Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա հրդեհ է բռնկվել
Ֆրանսիայի միակ միջուկային ավիակիր «Շառլ դը Գոլ»-ի վրա տեխնիկական սպասարկման աշխատանքների ընթացքում հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է Le Figaro-ն։
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Տուլոնի նավահանգստում գտնվող նավի տեխնիկական հատվածներից մեկում։ Նախնական տեղեկություններով՝ այն կարող էր առաջանալ գազայրիչով իրականացվող աշխատանքների հետևանքով։
Հրդեհը հաջողվել է ամբողջությամբ մարել մոտ մեկուկես ժամում։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, ավիակրի միջուկային կայանքները չեն վնասվել, իսկ միջադեպը չի ազդել դրանց վրա։
Հիշեցնենք, որ «Շառլ դը Գոլ»-ը տեխնիկական սպասարկման մեջ է օգոստոսի վերջից։ Նախատեսվում է, որ այն ծառայության կվերադառնա դեկտեմբերի սկզբին։



