երկուշաբթի, հոկտեմբեր 5
5 / 10 / 2026
Իրանի նախագահը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը շարունակելու կարևորության մասին

Իրանի նախագահը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը շարունակելու կարևորության մասին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ, հայտնում է իրանական Tasnim-ը:

Նշվում է, որ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահը հայտարարել է. «Մենք պետք է շարունակենք զարգացնել երկու երկրների հարաբերությունները առևտրի, գիտության, մշակույթի և տեխնոլոգիաների ոլորտներում և աջակցենք միմյանց այս ճանապարհին»։

Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ հակասություններին՝ Իրանի նախագահը նշել է. «Մեր խնդիրը Միացյալ Նահանգների հետ այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պատերազմ են պարտադրում։ Մինչ այժմ նրանք բանակցություններից հետո երեք անգամ հարձակվել են մեզ վրա, և դա ցույց է տալիս, որ նրանք չեն ձգտում բանակցությունների, այլ նրանց նպատակը Իրանի Իսլամական Հանրապետության տապալումն է։

Իրանը բազմիցս ապացուցել է իր ազնվությունը միջուկային գործունեության ոլորտում, և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության աշխարհում իրականացրած ստուգումների ամենամեծ թիվը կապված է եղել մեր երկրի հետ։ Սակայն ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Իրանի վրա՝ կեղծ մեղադրանքներ առաջադրելով։

ՄԱԿ-ում ունեցած իմ ելույթում ես հայտարարել եմ, որ մենք պատրաստ ենք երկխոսության և ստուգումների միջուկային գործունեության ոլորտում, սակայն խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ տեսուչները ժամանել են Իրան, մեր միջուկային կենտրոններն ու գիտնականները նույնականացվել են, այնուհետև այդ կենտրոնները ենթարկվել են ռմբակոծությունների, իսկ մեր գիտնականները սպանվել են։

Ամերիկացիները պատասխանատվություն չեն կրում այն հանցագործության համար, որի ընթացքում նրանք սպանել են 168 անմեղ աշակերտուհիների, և չեն ամաչում դրանից՝ շարունակելով պաշտպանել մարդու իրավունքները։ Աշխարհը, որը հայտարարում է իր քաղաքակիրթ լինելու մասին, մինչդեռ գործնականում դարձել է բարբարոսական, ահա մեր այսօրվա խնդիրը։

Թշնամու հետ, որն ահաբեկում է, պատժամիջոցներ է սահմանում, ճնշում է գործադրում և ամեն օր սպառնում, և որը խախտում է պայմանագրերը, բանակցելն անիմաստ է, և մեր երկիրը նման մոտեցում չի ընդունում։

Մենք շատ լավ հարևաններ ունենք, կամրապնդենք մեր կապերը և կչեզոքացնենք ճնշումը»,- նշել է Իրանի նախագահը:

  • Կիսվել: