Ռուսական շրջանների և Սև ծովի վրա մեկ օրում ոչնչացվել է ուկրաինական 343 անօդաչու. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել և որսացել են Ուկրաինայի 343 անօդաչու թռչող սարք։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:
Մասնավորապես նշվում է, որ ԱԹՍ-ները խոցվել են Մոսկվայի տարածաշրջանի, Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի և Տուլայի մարզերի, ինչպես նաև Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի, Ղրիմի Հանրապետության տարածքում և Սև ծովի ջրերում։
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ անօդաչու թռչող սարքերը հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերը որսացել և ոչնչացրել են 08։00-ից մինչև 20։00-ն ընկած ժամանակահատվածում՝ Մոսկվայի ժամանակով։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրության մեջ ԱԹՍ-ները բնութագրել է որպես «ինքնաթիռային տիպի» անօդաչու թռչող սարքեր։



