հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Եղիա Քահվեջյանի անունով

Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Եղիա Քահվեջյանի անունով

Երուսաղեմի քաղաքապետարանը հրապարակ է անվանակոչել հայտնի լուսանկարիչ Էլիա Քահվեջյանի պատվին, հաղորդում է Первый Ближневосточный թելեգրամյան ալիքը։

Ցուցանակին եբրայերեն գրված է՝ «Էլիա Քահվեջյան հրապարակ։ Հայոց ցեղասպանությունը վերապրած լուսանկարիչ, Երուսաղեմի սիրահար»։

 

«Էլիա Քահվեջյանը ծնվել է Ուրֆայում։ Նա ընդամենը հինգ տարեկան էր 1915 թվականին, երբ քաղաքի հայ բնակչությունը ապստամբեց թուրքական բանակի դեմ։ Ապստամբությունը սկսվեց Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների մասին հաղորդագրություններից։ Ապստամբներից շատերը սպանվեցին, նրանց թվում՝ Քահվեջյանի հայրը և նրա եղբայրներից մեկը, իսկ ողջ մնացած հայ բնակչությունը, որոնց թվում՝ կանայք, երեխաներ և տարեցներ, մահվան երթի ուղարկվեցին դեպի սիրիական անապատ՝ Դեր էզ-Զորի մերձակա համակենտրոնացման ճամբար, որը հետագայում անվանվեց «Հայերի Օսվենցիմ»։

photo_2025-07-09_20-23-42.jpg (99 KB)

Մահից առաջ մայրը փրկում է Եղիային՝ նրան տալով մի անհայտ քրդի, որը երեխային վաճառում է մի դարբնի՝ երկու ոսկե մետաղադրամի դիմաց։ Ավելի ուշ Էլիան հայտնվում է փողոցում։ Նա թափառում է և սնունդ է մուրում, մինչև որ նրան վերցնում են մարդասիրական կառույցի աշխատողները։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Էլիան, ինչպես հազարավոր այլ հայ որբեր, հայտնվում է ամերիկյան Մերձավոր Արևելքի օգնության կոմիտեի ապաստարանում։

photo_2025-07-09_20-23-47.jpg (102 KB)

Տղային տեղափոխում են տարբեր քաղաքների, մասնավորապես Նազարեթի և Հալեպի՝ որբանոցից որբանոց։ Վերջապես նա հայտնվում է Երուսաղեմում, որտեղ հաստատության աշխատակիցներից մեկը՝ մի հայ, նրան ծանոթացրնում է լուսանկարչության արվեստին։ Սա էլ որոշում է Էլիայի հետագա ճակատագիրը։ Նա իր կյանքը կապեց լուսանկարչության հետ և ավելի ուշ բացեց իր առաջին լուսանկարչական ստուդիան Երուսաղեմում։ Հայ որբի համար սկսվեց հաջողության և համաշխարհային ճանաչման նոր փուլ։

Էլիա Քահվեջյանի ընտանիքի ավելի քան հարյուր անդամ՝ ծնողները, քույրերը և եղբայրները, զարմիկները, մորաքույրերը և հորեղբայրները, դիտավորյալ և համակարգված կերպով սպանվել են Հայոց ցեղասպանության ժամանակ, որի արդյունքում զոհվել է մեկուկես միլիոն հայ։

photo_2025-07-09_20-23-50.jpg (122 KB)

Այսօր Էլիա Քահվեջյանի ժառանգությունը պահպանվում է Երուսաղեմի Հին քաղաքի Elia Photo Service պատկերասրահում։ Պատկերասրահը պատկանում է Էլիայի թոռանը՝ որը կրում  է իր պապիկի անունը», - գրում է թելեգրամյան ալիքը։ 

  • Կիսվել: