կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Էրդողանն առաջարկում է իր միջնորդությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարների հանդիպման համար

Էրդողանն առաջարկում է իր միջնորդությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարների հանդիպման համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկում է իր միջնորդությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարների հանդիպման համար, բայց կոնկրետ ժամկետը եւ տեղն առայժմ չեն քննարկվում։ Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Անկարայում դիվանագիտական աղբյուրին։

«Մենք մշտապես հայտարարում ենք, որ պատրաստ ենք հարթակ եւ անհրաժեշտ ամեն բան տրամադրել ՌԴ-ի եւ Ուկրաինայի ղեկավարների միջեւ բարձր մակարդակով բանակցությունների համար։ Այս մասին երկու ղեկավարների հետ բանակցություններում մշտապես հայտարարում է նաեւ նախագահը, բայց կոնկրետ ժամկետի եւ տեղի մասին  առայժմ խոսք չկա»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ Էրդողանը մտադիր է շարունակել ջանքեր գործադրել Ուկրաինայում հրադադարի հասնելու համար, որպեսզի «չլինեն հետագա զոհեր եւ ավերածություններ»։ Աղբյուրը նշել է, որ ռուսական եւ ուկրաինական կողմերի հետ հեռախոսային բանակցությունները գտնվում են արտաքին քաղաքական օրակարգում։

«Հարգելի պարոն Էրդողանը միակ առաջնորդն է, որը, չեզոքություն պահպանելով, կարող է շփումներ ունենալ երկու կողմերի հետ։ Հակամարտությունը նախագահի արտաքին քաղաքական օրակարգում է»,- ասել է նա։

Դիվանագետը նշել է, որ Անկարան կշարունակի շփումները Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հետ։

  • Կիսվել: