ՀՀ-ի անդամակցությունը ԵԱՏՄ-ին որևէ կերպ չի սահմանափակել վերջինիս առևտուրը երրորդ երկրների հետ. Սարգսյան
Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին չի սահմանափակել վերջինիս առևտուրը երրորդ երկրների հետ՝ ո՛չ տեխնիկապես, ո՛չ էլ կարգավորման առումով։ Սրա մասին վառ խոսում են թվերը։ Օրինակ՝ Հայաստանի և երրորդ երկրների ապրանքաշրջանառությունը 2018 թ. աճել է շուրջ 18%-ով, իսկ 2017 թ.՝ շուրջ 25%-ով: Այս մասին Հայկական ժամանակին տված հարցազրույցում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ խոսելով այն մասին, թե ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ինչպիսի ընթացք է ունեցել Հայաստանի առևտրատնտեսական զարգացումը:
Սարգսյանը, մասնավորապես, նշեց.
«ՀՀ տնտեսվարողները ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո հնարավորություն ստացան աշխատելու միասնական շուկայի կանոններով, ինչը ենթադրում է միասնական կանոնակարգում, ոչ սակագնային խոչընդոտների վերացում, որի արդյունքում էականորեն հեշտացվել են հայկական ապրանքների՝ ԵԱՏՄ ներքին շուկա արտահանելու պայմանները, ինչպես նաև աճել են այդ ապրանքների արտահանման ծավալները: Հայկական ապրանքների արտահանման ծավալները դեպի միասնական շուկա յուրաքանչյուր տարի գրանցել են երկնիշ աճի տեմպ: Դա հսկայական ցուցանիշ է: Ընդ որում, արտահանման մեջ մեծ ծավալ է կազմում պատրաստի արտադրանքը, որը ներառում է ավելի մեծ ավելացված արժեք: Բացի այդ՝ ԵԱՏՄ շրջանակներում կնքված համագործակցության համաձայնագրերի արդյունքում ՀՀ ապրանքաշրջանառությունը երրորդ երկրների հետ նույնպես աճ է գրանցում: Մասնավորապես՝ 2018 թվականին Վիետնամի հետ առևտրաշրջանառությունը աճել է 37,2%-ով, Չինաստանի հետ՝ 29,8%-ով: Ընդ որում, հարկ է նշել, որ Չինաստան արտահանման ծավալները աճել են 63,8%-ով: Ավելացել է նաև ապրանքաշրջանառությունը Սերբիայի Հանրապետության հետ, որը պայմանավորված է տնտեսվարողների ունեցած սպասելիքներով՝ կապված ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրմամբ: 2018 թվականին ՀՀ ապրանքաշրջանառության ցուցանիշներում դրական դինամիկա է գրանցվել նաև այն երկրների հետ, որոնց հետ ԵԱՏՄ-ն գտնվում է ԱՏԳ համաձայնագրի բանակցային գործընթացում՝ Հնդկաստան, Եգիպտոս, Իսրայել»:
Տիգրան Սարգսյանն անդրադարձվ նաև այն հարցին, որ Հայաստանը շարունակում է դժվարությունների հանդիպել ապրանքների արտահանման ու ներկրման հարցում, քանի որ հիմնական ծանրությունը Լարսի անցակետի վրա է: Այս մասին նա ասաց.
«Ինչ վերաբերում է Վերին Լարսին, ապա, այո՛, դա ՀՀ ԵԱՏՄ անդամակցության «առևտրային» հատվածին վերաբերող ամենակարևոր հարցն է։ Անցակետի աշխատանքային դժվարություններն ունեն օբյեկտիվ պատճառներ, որոնք աշխարհագրական դիրքի և կլիմայական պայմանների հետևանք են: Վերին Լարսի անձնագրային թողունակությունն օրական 170 մեքենա է, սակայն վերջին տարիներին անցակետով օրական անցնում է 500-ից ավելի ավտոմեքենա՝ բեռնատար մեքենաների թիվը միջինում 3-4 անգամ ավելի է, քան նախատեսված է անցակետի սպասարկման անձնագրով, 7-8 անգամ ավելի է մարդատար մեքենաների ու ավտոբուսների թիվը, իսկ 12 անգամ՝ ֆիզիկական անձանց: Բնականաբար, այս ամենը չի կարող չանդրադառնալ անցակետում գոյացող խցանումների վրա, իսկ ձմռանը գումարվում են նաև եղանակային անբարենպաստ պայմանները, որն էլ ավելի է վատթարացնում իրավիճակը: Վրաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցության չվերականգնման դեպքում 2020 թվականին Վերին Լարսում կգոյանա նաև հսկայական տուրիստական հոսք, ինչը նույնպես կարող է խցանումների ավելացման պատճառ դառնալ։ Մեր կողմից ձեռնարկված քայլերի արդյունքում այս անցակետով տեղափոխվող ապրանքային հոսքը պետք է դյուրանա:
ԵԱՏՄ Մաքսային նոր օրենսգրքով նախատեսել ենք էլեկտրոնային հայտարարագրման համակարգ, փաստաթղթերի մշակման ավտոմատացում, փաստաթղթերի ուսումնասիրության ժամկետի կրճատում՝ 50 ժամից մինչև 3 ժամ և այլն: Այս բոլոր միջոցառումները, ինչպես նաև անդամ երկրների մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման էլեկտրոնային համակարգերի գործարկումը, միտված են բարելավելու, այդ թվում՝ Վերին Լարս անցակետի մաքսային հսկողության գործընթացը: Երկրորդ՝ մենք ձգտում ենք ԵԱՏՄ տարածքում գործող մաքսակետերի նկատմամբ հաստատված տեխնիկական պահանջների համահարթեցում ապահովել։ Դա նշանակում է, որ, օրինակ, Վերին Լարսի ռուսական մաքսակետը և Բագրատաշենի հայկական մաքսակետը կաշխատեն նույն տեխնիկական պահանջներով ու սկզբունքներով։ Եթե նրանք աշխատեն այդպես, ապա բեռների լրացուցիչ ստուգման անհրաժեշտությունը, որը ժամանակ առ ժամանակ առաջանում է, կհասնի նվազագույնի։
Բացի այդ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և իմ անձնական դիրքորոշումն է, որ ԵԱՏՄ երկրներում բեռների հետագծելիության համակարգերի ներդրումը պետք է իրականացվի միասնական սկզբունքով։ Այս պարագայում մենք ի վերջո կհասնենք նրան, որ Հայաստանի Հանրապետությունից գնացող բեռնատարները Վերին Լարսի ռուսական հատվածում ընդհանրապես չեն կանգնի։ Նրանց անցումը պետք է լինի ամբողջովին ավտոմատացված, և միակ բանը, ինչի համար բեռնատարը պետք է կանգնի, վարորդի կողմից սահմանն անցնելու մասին անձնագրում կնիք ստանալն է»։
Նշենք, որ դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում կանցկացվի ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: