երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Հակամարտությունը չի բխում Հնդկաստանի և Պակիստանի հիմնարար շահերից. Չինաստանի ԱԳՆ

Հակամարտությունը չի բխում Հնդկաստանի և Պակիստանի հիմնարար շահերից. Չինաստանի ԱԳՆ

Չինաստանի արտգործնախարար Վան Ին պակիստանցի գործընկեր Իշաք Դարի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Չինաստանն ուշադիր հետևում է ահաբեկչական հարձակումից հետո տեղի ունեցած զարգացումներին և աջակցում է միջադեպի «անաչառ հետաքննությանը, հայտնում են Չինաստանի ԱԳՆ-ից։

Չինաստանն աջակցություն է հայտնել Պակիստանին՝ նրա ինքնիշխանության և անվտանգության շահերի պաշտպանության հարցում, կոչ է արել Նյու Դելիին և Իսլամաբադին զսպվածություն ցուցաբերել Փահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո։

«Հակամարտությունը չի բխում Հնդկաստանի և Պակիստանի հիմնարար շահերից ու չի նպաստում տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը, երկու երկիրը պետք է զսպվածություն ցուցաբերեն, ընդառաջեն միմյանց ու նպաստեն իրավիճակի սառեցմանը», - ասել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարը:

Նշենք, որ Վանի հայտարարությունները հնչել են Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության աճի ֆոնին՝ ապրիլի 22-ին Փահալգամի մոտ զբոսաշրջիկների վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո, որը 26 մարդու կյանք խլեց։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Պակիստանում գործող Դիմադրության ճակատը։

Հնդկաստանը հայտարարել է Իսլամաբադի դեմ մի շարք պատժիչ միջոցների մասին, այդ թվում՝ Ինդոսի ջրերի վերաբերյալ պայմանագրի կասեցումը և Աթթարի միակ գործող ցամաքային սահմանային անցակետի փակումը: Պակիստանը հայտարարել է, որ գետի ջրերի ցանկացած դադարեցում կդիտվի որպես «պատերազմական ակտ», և կդիմի այնպիսի հակաքայլերի, ինչպիսիք են հնդկական ինքնաթիռների համար իր օդային տարածքի փակումն ու ամբողջ առևտրի դադարեցումը:

  • Կիսվել: