Ոգեկոչման արարողություն Բուխարեստում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին
Ապրիլի 27-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը և դեսպանության անձնակազմը մասնակցել են Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը։
Ռումինահայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի գլխավորությամբ մատուցվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված պատարագ, որին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման արարողությունը։ Ռումինահայ համայնքի կողքին արարողությանն մասնակցել են նաև Ռումին Ուղղափառ Եկեղեցու և կրոնական այլ ներկայացուցիչներ, Հայոց ցեղասպանությունը ճանաչած մի շարք բարեկամ երկրների դեսպաններ և դիվանագետներ։
Ներկաներին ուղղված իր ուղերձում դեսպան Գալստյանը կարևորել է հավաքական գիտակցության մեջ հայերի՝ որպես ցեղասպանության դեմ հաղթանակած և ինքնիշխանություն վերգտած ժողովուրդ լինելու փաստի ամրագրումը՝ շեշտելով, որ Սուրբ Նահատակների հիշատակը հարգելու լավագույն ուղին Հայոց անկախ պետականության զորեղացումն է, և դրա սահմաններից դուրս՝ վերապրածների սերունդների հայապահպանությունը։
Ելույթներով հանդես են եկել Ռումին Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքական փոխանորդ Գերաշնորհ Վարլաամ եպիսկոպոսը և Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը։
Արարողության ավարտին Մայր տաճարի տարածքից բաց են թողնվել սպիտակ աղավնիներ՝ ի նշան խաղաղության, որպեսզի այլևս երբեք մարդկությունն ականատես չլինի ցեղասպանության արհավիրքին։
Ապրիլի 24-ին և դրան հաջորդող օրերին Բուխարեստում և Ռումինիայի մի շարք այլ հայաշատ քաղաքներում անցկացվել են տասնյակից ավելի հիշատակի միջոցառումներ։