երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
ԵԱՏՄ անդամակցությունից բխող կարգավորման առավելությունները որոշակիորեն կոմպենսացնում են այլ տեղերում առավելությունների սահմանափակումը. Սարգսյան

ԵԱՏՄ անդամակցությունից բխող կարգավորման առավելությունները որոշակիորեն կոմպենսացնում են այլ տեղերում առավելությունների սահմանափակումը. Սարգսյան

Եկեք ԵԱՏՄ անդամակցությունը բաժանենք պայմանականորեն առևտրային և ոչ առևտրային հատվածների։ Սա կլինի բավականին լավ տարանջատում՝ հարցին առարկայական պատասխան տալու համար։ Այս մասին ՀԺ-ի հետ հարցազրույցում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու՞ է Ադրբեջանը, չլինելով ԵԱՏՄ անդամ, 2018 թվականին Հայաստանի համեմատ տասը անգամ ավելի շատ (224 337 501 ԱՄՆ դոլար) միրգ ու բանջարեղեն է ներմուծել Ռուսաստան, և, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ, Հայաստանն ինչպե՞ս կարող է օգտվել այդ առավելությունից և առավել արագ գրավել ռուսական և հարակից երկրների շուկաները:

Սարգսյանը, մասնավորապես, նշեց.

«Առևտրային ոլորտում, որը որոշ վերապահումներով արդեն իսկ լիարժեքորեն ձևավորված է Միությունում, ԵԱՏՄ-ին անդամակցությունը ապահովում է ներքին առևտրում մաքսատուրքերի, ոչ սակագնային կարգավորումների բացակայություն, միասնական տեխնիկական սկզբունքներ և այդ սկզբունքների պահանջներին համապատասխան ներքին սերտիֆիկատների փոխադարձ ճանաչում և այլն: Այս ամենը մեր տնտեսվարողների համար ստեղծում է ավելի բարենպաստ պայմաններ՝ ի համեմատ երրորդ երկրների տնտեսվարողների: Սակայն առևտրի ծավալները կախված են ոչ միայն այդ բարենպաստ պայմաններից: Որպես կանոն՝ արտահանման ծավալները կախված են նաև տրասնպորտային հարմարավետությունից և արտադրության մասշտաբից: Եթե խոսքը, օրինակ, գյուղատնտեսության մասին է, ապա Ադրբեջանը կամ Ուզբեկստանն ունեն աշխարհագրական, մասշտաբային, ինչպես նաև տրանսպորտային առավելություններ Հայաստանի և, օրինակ, Ղրղզստանի նկատմամբ։

ԵԱՏՄ անդամակցությունից բխող կարգավորման առավելությունները որոշակիորեն կոմպենսացնում են այլ տեղերում առավելությունների սահմանափակումը։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունից ԵԱՏՄ երկրներ գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալները 2015 թվականի համեմատ աճել են 40 տոկոսով, իսկ Ադրբեջանի դեպքում տեղի է ունեցել 5 տոկոսի նվազում՝ այս տարիների ընդհանուր կտրվածքով վերցված: Այս թվերը խոսում են այն լրացուցիչ առավելությունների մասին, որոնք տալիս է անդամակցությունը։ Այդ առավելությունները տեսանելի են միայն դինամիկայում։ Այս առումով մեծ դերակատարություն ունի հնարավոր կոոպերացիոն կապերի ձևավորումը, ինչը կնպաստի համապատասխան ծավալների ավելացմանը և կլուծի իրացման ցանցերում հայտնվելու խնդիրը»:

Նշենք, որ դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում կանցկացվի ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: