Դանակով զինված քաղաքացին հարձակվել է կանչի վայր մեկնած շտապօգնության ծառայության Աշտարակի բրիգադի բուժաշխատողների վրա. Ավանեսյան
Մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպք է արձանագրվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
՛՛Հանրապետական շտապօգնության ծառայության Աշտարակի բրիգադը կանչի վայրում էր, երբ դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա: Տուժել է շտապօգնության վարորդը:
Ոստիկանություն հաղորդում է ներկայացվել:
Խիստ դատապարտում եմ տեղի ունեցածը, անընդունելի համարում բուժաշխատողների հանդեպ ուժի և բռնության ցանկացած փորձ և դրսևորում:
Ուզում եմ նաև տեղեկացնել, որ գնում ենք խնդրի լուծման իրավակարգավորման ճանապարհով:
ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ բուժաշխատողների նկատմամբ բռնության քրեականացման հարցն է քննարկվում: Նաև նախաձեռնելու եմ քննարկման դնել շտապօգնության բրիգադների անհատական պաշտպանության միջոցներ ներդնելու հարցը՛՛,-նշել է նա: