Սպահանը՝ արևելահայ գրական լեզվի բնօրրան․ Իրանի և Հայաստանի միջև մշակութային կապերը՝ Թեհրանում գրական հանդիպման առանցքում
Թեհրանի Պարսից լեզվի և գրականության ակադեմիայում կայացած «Իրանի ներկայությունը նոր և ժամանակակից հայ գրականության մեջ» խորագրով գրական համաժողովում հայոց լեզվի և գրականության դասախոս՝ Անդրանիկ Սիմոնյանն անդրադարձավ երկու ազգերի միջև պատմական և մշակութային կապերին և Սպահանը համարեց ժամանակակից հայոց գրական լեզվի բնօրրանը, գրում է parstoday.ir-ը:
Այս հանդիպման ժամանակ Սիմոնյանը նշել է, որ հայ գրական լեզուն մինչև 19-րդ դարը գրվել է հին հայերենով՝ գրաբարով, և հավելել է. -«Հայերեն խոսակցական լեզվի առաջին նշանները, որը հետագայում դարձավ գրական լեզու, դրսևորվել են Սպահանում աշուղների շրջանում»: Նրա խոսքով՝ այս փոփոխությունը սկսվել է Խաչատուր Աբովյանի օրոք, ով «Վերք Հայաստանի» վեպը խոսակցական լեզվով գրելով՝ նոր ուղղություն հիմնադրեց հայ գրականության մեջ»:
Սիմոնյանը 19-րդ դարի ականավոր գրող և լրագրող Մեսրոպ Թաղիադյանին համարեց հայ գրականության վրա պարսկերենի ազդեցության խորհրդանիշ և ասաց. «Ճանապարհորդություն դեպի Պարսկաստան» վերնագրով գրքի հեղինակ Թաղիադյանը մահացել է Շիրազում և թաղվել է Շահչերաղի սրբավայրի հետնամասում։ Նա կոչ արեց երկու երկրների էլիտաներին՝ շահագործել այս ընդհանուր մշակութային ժառանգությունը։
Սիմոնյանը նաև խոսեց պարսկական գրականության լայնածավալ ազդեցության մասին այնպիսի գործիչների վրա, ինչպիսիք են Ռաֆֆին, Եղիշե Չարենցը, Ավետիկ Իսահակյանը, Հովհաննես Թումանյանը և Հովհաննես Շիրազը, և նրանց պարսկական երանգներով բանաստեղծությունները բնութագրեց որպես երկու մշակույթների միջև խորը արմատացած կապերի վկայություն։
Այս հանդիպման ավարտին Ակադեմիայի նախագահ Ղոլամալի Հադդադ Ադելը կոչ արեց ընդլայնել գիտահետազոտությունները պարսկերենի և տարածաշրջանային այլ լեզուների, մասնավորապես՝ հայերենի միջև համեմատական գրականության ոլորտում։