Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը հունիսի 16-ին մասնակցել է շվեդական աշխարհահռչակ Scania ընկերության՝ Հայաստանում պաշտոնական ներկայացուցչության բացման հանդիսավոր արարողությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նածարարությունից:
Ողջունելով ներկաներին՝ Նարեկ Հովակիմյանն ընդգծել է, որ Scania-ի մուտքը հայկական շուկա կարևոր իրադարձություն է ոչ միայն տրանսպորտային ոլորտի, այլև Հայաստանի տնտեսական զարգացման, ներդրումային միջավայրի և միջազգային գործարար համագործակցության տեսանկյունից։
«Scania-ի նման համաշխարհային առաջատար ընկերության մուտքը հայկական շուկա խորհրդանշական և կարևոր քայլ է, որը համահունչ է տարածաշրջանի տրանսպորտային ներուժի ընդլայնման և ժամանակակից ենթակառուցվածքների զարգացման մեր տեսլականին։ Այսօր մենք ականատես ենք ոչ միայն նոր ներկայացուցչության բացմանը, այլև երկարաժամկետ գործընկերության, նոր հնարավորությունների և համատեղ հաջողությունների մեկնարկին»,- նշել է նախարարի տեղակալը։
Նարեկ Հովակիմյանն անդրադարձել է արտադրողականության խթանման պետական աջակցության ծրագրին՝ նշելով, որ այն տնտեսավարողներին հնարավորություն է տալիս արտոնյալ պայմաններով ձեռք բերել նոր մեքենասարքավորումներ և տեխնոլոգիական միջոցներ։ Նրա խոսքով՝ ծրագիրը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ նաև տրանսպորտային և լոգիստիկ ոլորտի ընկերությունների համար՝ նպաստելով ժամանակակից տեխնիկայի և բարձր արդյունավետությամբ մեքենաների ձեռքբերմանը։
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը՝ ուղղված տարածաշրջանային և միջազգային տնտեսական կապերի ընդլայնմանը, առևտրի խթանմանը և տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը` անդրադառնալով Կառավարության կողմից որդեգրած «Խաղաղության խաչմերուկ» և «Թրամփի ուղի» նախաձեռնությունների շրջանակներում իրականացվող աշխատանքներին։
Scania-ն ծանր բեռնատարների, ավտոբուսների և տրանսպորտային լուծումների ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություններից է, որի պաշտոնական ներկայությունը Հայաստանում կնպաստի ժամանակակից տեխնոլոգիաների և միջազգային լավագույն փորձի ներդրմանը։


