Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ուղերձը՝ Եղեռնի 110-րդ տարելիցի կապակցությամբ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ:
Ուղերձը ներկայացնում ենք ստորև.
«Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, աշխարհասփյուռ հայ ժողովուրդը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ևս իր հարգանքի տուրքն է մատուցում 1915–1923 թթ. ընթացքում Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և վերահաստատում է իր գիտական ու կրթական հանձնառությունը՝ ուղղված Հայոց ցեղասպանության փաստագրմանը, ուսումնասիրությանը, պատմական հիշողության պահպանմանը, միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը, ինչպես նաև ժխտողականության դեմ պայքարին։
Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր, որը նպատակ ուներ ոչնչացնելու հայ ժողովրդին իր պատմական հայրենիքում։ Այս հանցագործությունը, ցավոք, շարունակվում է Թուրքիայի Հանրապետության ժխտողական քաղաքականության տարբեր և պարբերաբար դրսևորումներով։
Ցեղասպանության հետևանքների հաղթահարումը և միջազգային իրավունքի շրջանակում արդարության վերականգնումն առավել քան արդիական են այսօր՝ հաշվի առնելով Արցախում վերջին տարիներին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, բռնությունները, բնակչության բռնի տեղահանումը և հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։
Միջազգային հանրության նախանձախնդիր և հետևողական ներգրավվածությունը կարևոր նախապայման է ցեղասպանությունների կանխարգելման, մշակութային ժառանգության պահպանման, ինչպես նաև անհատական և հավաքական իրավունքների պաշտպանության գործընթացներում։ Հայոց ցեղասպանության թանգարան-
ինստիտուտը շարունակելու է ակտիվ գործունեություն ծավալել՝ միջազգային հանրությանն առավել լսելի լինելու նպատակով՝ ընդունելով Ծիծեռնակաբերդ այցելող պետական պատվիրակություններին, համագործակցելով միջազգային գործընկերների հետ, իրականացնելով գիտական հետազոտություններ, կազմակերպելով ցուցադրություններ և համատեղ գիտակրթական նախաձեռնություններ տարբեր երկրներում։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը հիշատակի, աննահանջ կամքի դրսևորում է` մարդու իրավունքների, ճշմարտության և արդարության հաստատման դարձակետ և ուղենիշ»։