Սա ՀՀ ներքին գործերին կոպտագույն միջամտություն է. ՌԴ դեսպանին հանձնվել է հայտագիր
«Հաշվի առնելով, որ թեման վստահաբար ՀՀ քաղաքացիների ուշադրության կենտրոնում է և բուռն հանրային քննարկումների առարկա՝ ՀՀ քաղաքացիներից չենք թաքցնում հայտագրի բովանդակությունը:
Դրանում խիստ բողոք է արտահայտվել Ռուսաստանի Դաշնության զանգվածային լրատվամիջոցներում Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ ծավալված բացահայտ ոչ բարեկամական, հաճախ թշնամական քարոզչության կապակցությամբ, որն ակտիվորեն սնվում է որոշ պաշտոնյաների, ՌԴ Պետական դումայի պատգամավորների, լրատվամիջոցների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հայտարարություններով:
Հայտագրում ընդգծվել է, որ Ռուսաստանի պետական հեռուստաալիքներով ուղիղ եթերում հնչող վիրավորական արտահայտությունները և ՀՀ իշխանությունների գործունեության թիրախավորումը բացարձակապես անընդունելի են և հանգեցնում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև վերջին շրջանում տեղի ունեցած բարձր մակարդակի այցելությունների դրական արդյունքների չեզոքացման:
Հայտագրում նշվել է, որ ՀՀ իրավապահ մարմինների կողմից պետական հեղաշրջման փորձի կանխման օրինական գործողությունների վերաբերյալ ՌԴ Պետական դումայի առանձին պատգամավորների մեկնաբանություններն ու հայտարարությունները ոչ միայն զարմանք, այլև վրդովմունք են առաջացնում: Համաձայն այդ հայտարարությունների՝ պետական հեղաշրջում պլանավորող անձանց ձերբակալությունը համարվում է «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական ոչ բարեկամական քայլ»:
Ըստ այդմ՝ նման հայտարարությունները ոչ միայն անհեթեթ են, քանզի անհասկանալի է, թե ինչպես և ինչու է պետական հեղաշրջման կանխումը համարվում ոչ բարեկամական քայլ, այլև ՀՀ ներքին գործերին կոպտագույն միջամտություն: Ավելին, տպավորություն է ստեղծվում, որ նման տեղեկատվական քաղաքականությունն իրականացվում է նպատակաուղղված կերպով՝ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության, օրինականության և սահմանադրական կարգի խաթարման նպատակով»,-ասվում է պատասխանում:
Նախարարությունը ՌԴ գործընկերներին կոչ է արել անհապաղ և գործուն միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության նկատմամբ վերոնշյալ ոչ բարեկամական դրսևորումները դադարեցնելու համար: