չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
Գերմանիայում ՀՀ դեսպանատանը պատվո մեդալ է հանձնվել Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի նախագահին

Գերմանիայում ՀՀ դեսպանատանը պատվո մեդալ է հանձնվել Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի նախագահին

Հունիսի 11-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանատանը կազմակերպվել էր հանդիսավոր ընդունելություն՝ Սաքսոնիա-Անհալթ դաշնային երկրամասի խորհրդարանի նախագահ, դոկտոր Գունար Շելենբերգերին ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից պատվո մեդալի շնորհման առիթով։ Այս մասին հայտնում են դեսպանությունից։

Միջոցառմանը ելույթ ունեցավ Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և շնորհակալություն հայտնեց դոկտոր Շելենբերգերին Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման և երկկողմ կապերի ամրապնդման գործում ցուցաբերած նվիրվածության, մասնավորապես՝ Հայաստանի և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի միջև մշակույթի, գիտության և կրթության ոլորտում համագործակցության խորացման գործում ակտիվ աջակցության համար։

Այնուհետև իր խոսքը հղեց Սաքսոնիա-Անհալթ դաշնային երկրամասի խորհրդարանի նախագահ, դոկտոր Գուննար Շելենբերգերը։

Արարողությանը մասնակցեցին Սաքսոնիա-Անհալթ դաշնային երկրամասի խորհրդարանի ներկայացուցիչներ, դիվանագետներ և այլ հյուրեր։

  • Կիսվել: