Գավառ քաղաքում ՆԳ նախարարության կողմից անցկացվեց իրազեկման արշավ
Հայաստանի ներքին գործերի նախարարության կողմից կազմակերպվող «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման հերթական միջոցառումը անցկացվեց Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից՝ իրազեկման արշավը նպատակ ուներ տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխգործակցության արդյունում բարձրացնել տեղի բնակչության իրազեկվածությունը՝ պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածությունն ավելացնելու համար։
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳ նախարարության ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը, ոստիկանության մարզային եւ պարեկային ծառայությունների ղեկավար կազմը, մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմը, աշխատակիցներ, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, մարզի համայնքների ղեկավարներ, համայնքապետարանների աշխատակիցներ, դպրոցականներ, անհատ քաղաքացիներ։
Իրազեկման միջոցառումն անցկացվեց տաղավարների ցուցադրությամբ, որտեղ ներկայացվեցին մարզի համայնքներին բնորոշ ձեռքի ստեղծագործական աշխատանքներ եւ ուտեստներ։ Գեղարվեստական կատարումներով հանդես եկան Գավառի երաժշտական եւ արվեստի դպրոցների սաները։
«Իրավապահ համակարգում, ուժային կառույցներում կանանց ներգրավվածությունը չափազանց մեծ նշանակություն ունի աշխատանքների արդյունավետորեն կազմակերպելու տեսանկյունից։ Հենց այս տեսլականի իրականացման շրջանակներում է, որ ցանկացել ենք տեսնել առանձին ակադեմիա, որտեղ գերակշիռ տեղերը հատկացվածկլինեն կին դիմորդներին։ Նման միջոցառումները կարեւորում ենք նաեւ ՏԻՄ-երի հետ համագործակցությամբ»- նշել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՆԳ նախարարության կրթահամալիրում ուսուցման համար ընդունելության մրցույթի դիմումների ընդունումը երկարաձգվել է մինչեւ դեկտեմբերի 15-ը։


