Մ-17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց Իտալիայի հասակակիցներին
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն այսօր՝ նոյեմբերի 14-ին, անցկացրեց իր երկրորդ հանդիպումը ՈւԵՖԱ 2026/2027 Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման առաջին փուլի 10-րդ խմբում, գրում է armsport.am-ը:
Երկրորդ տուրում մեր ընտրանին ուժերը չափեց Իտալիայի իր հասակակիցների հետ և զիջեց 0-4 հաշվով։
Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացեց Միկելե Էլենան, իսկ 31-րդ րոպեին Պիետրո Սալվաին կրկնապատկեց իտալացիների առավելությունը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 49-րդ րոպեին, աչքի ընկավ Ֆորչուն Էգարևբան, իսկ 77-րդ րոպեին Գաբրիելե Բորսան խփեց իր թիմի չորրորդ գնդակը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը։
Խմբի զուգահեռաբար ընթացող մյուս խաղում Ֆրանսիայի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Լյուքսեմբուրգի նկատմամբ՝ մրցակցի դարպասն ուղարկելով 3 անպատասխան գնդակ։ Ֆրանսիացիների կազմում մեկական անգամ աչքի ընկան Յանիս Բուսերան, Ժորդան Ժերվելեն և Յանիս Խարբուշը։
Այս տուրից հետո Իտալիան և Ֆրանսիան ունեն հավասար՝ 6-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարային աղյուսակը գլխավորում են իտալացիները, երկրորդ հորիզոնականում Ֆրանսիան է, իսկ Հայաստանի Մ-17 հավաքականը եզրափակում է լավագույն եռյակը։
Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում, մեր ընտրանին կմրցի Լյուքսեմբուրգի հավաքականի հետ։ Խաղը կկայանա նոյեմբերի 17-ին։
Հանդիպման տեսանյութը՝ ստորև․
Մրցաշարային աղյուսակն այս պահին



