Մեր բանակցային փաթեթը ձգձգվել է այն պատճառով, որ Ադրբեջանը չորս հանդիպում մերժել է․ Նիկոլ Փաշինյան
Բանակցային պրոցեսում որոշակի շարժունակություն կա. բանակցային պրոցեսը, ի միջի այլոց, կապ ունի հարթակների հետ կապված հարցի հետ նաև: Այս մասին դեկտեմբերի 19-ին Հանրային ՀԸ-ի եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Բանակցային պրոցեսը որոշակի կանխատեսելիություն պետք է ունենա: Եվ հիմա այո, պետք է գնան բանակցություններ և այդ բանակցությունները շատ կարևոր է, որ հիմնվեն արդեն իսկ համաձայնեցված սկզբունքների վրա: Երեք սկզբունքների վրա, որոնք համաձայնեցվել են բրյուսելյան հարթակում:
Մենք պատկերացնում ենք խաղաղության պրոցեսն այդպես և բանակցային գործընթացը, այո՛, շարունակվում է, այդ թվում՝ օնլայն ռեժիմով, որովհետև գիտեք` մենք Ադրբեջանին ենք մեր առաջարկները տվել, հիմա սպասում ենք իրենց կողմից արձագանքին՛՛:
Խոսելով այն մասին, որ Հայաստանն ամսիներ շարունակ Ադրբեջանին չէր ներկայացնում իր առաջարկները՝ Փաշինյանը նկատեց. ՛՛Մեր առաջարկները պատրաստ էին և առաջիկայում նախատեսվում էին անընդհատ հանդիպումներ: Իրենք մեզ մեղադրում էին, որ երկու ամիս չէինք տալիս։ Ի՞նչն էր դրա պատճառը։ Մեր բանակցային փաթեթը ձգձգվել է այն պատճառով, որ Ադրբեջանը չորս հանդիպում իրար վրա մերժել է, երբ հանդիպումներն այդ բանակցային փաթեթի փոխանցման պրոցեսի մաս էին: Բայց հիմա էլ բանակցությունները ես համարում եմ, որ շարունակվում են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, որովհետև եթե այժմ առերես քննարկել չհաջողվի կամ չի հաջողվում, այդ աշխատանքն էլ է բանակցություն, չնայած աշխատանքային մակարդակով շփումներ կան, այն շփումները, որոնց մասին խոսել ենք, գիտեք, կարող են նաև նոր շփումներ լինել՛՛:


