շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Իշխան Սաղաթելյանը չի հայտարարագրել Վրաստանում գործող ընկերությունը. «Սիվիլնեթ»

Իշխան Սաղաթելյանը չի հայտարարագրել Վրաստանում գործող ընկերությունը. «Սիվիլնեթ»

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը Վրաստանում գրանցված «Մեգա Տուր» (Mega Tour) ընկերության բաժնետեր է, այս մասին գրում է «Սիվիլնեթ»-ը։

Ընկերությունը զբաղվում է զբոսաշրջային փաթեթների վաճառքով։

Իշխան Սաղաթելյանին է պատկանում «Մեգա Տուր»-ի 40% բաժնեմասը։ Մյուս 35%-ի բաժնետերը Սամվել Էվոյանն է, իսկ 25%-ը պատկանում է Վրաստանի քաղաքացի Սամվել Մկրտչյանին։

Ընկերությունը գրանցվել է 2010-ին։ Վերջին տարիներին այն, կարծես, ակտիվ գործունեություն չի ծավալում, քանի որ հարկային մուտքեր չկան, բայևայնպես շարունակում է գործել, լուծարման կամ ընկերության գործունեության դադարեցման վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։

Սաղաթելյանի՝ Վրաստանում գործող ընկերության բաժնեմասի վերաբերյալ տվյալներն արտացոլված չեն նրա գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագրերում։

Հարցմանը, թե ինչու չի հայտարարագրել Վրաստանում գործող ընկերության բաժնեմասը, Իշխան Սաղաթելյանը պատասխանել է, որ դեռ 2016-ին ընկերության տնօրենին առաջարկել է դադարեցնել ընկերության գործունեությունը։

Ըստ հարցման պատասխանի՝ պատգամավորը ընկերության տնօրենից ստացել է հավաստիացում, որ ակտիվ գործուեության դադարեցման պարագայում ընկերությունն այլևս չի գործում։

Թեև ընկերությունն ակտիվ գործունեություն չի ծավալում, այնուամենայնիվ, այն չի դադարեցրել գործունեությունը, չի լուծարվել։

Իշխան Սաղաթելյանը նաև հավաստիացրել է, թե 2010-ին գրանցված ընկերությունից երբևէ եկամուտ չի ստացել։
Չնայած ընկերությունն ակտիվ գործունեություն չի ծավալում, այնուամենայնիվ, պատգամավորները, ըստ Հանրային ծառայության մասին օրենքի, պարտավոր են հայտարարագրել առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում իրենց ունեցած բաժնեմասերը, և եթե հանձնել են հավատարմագրային ծառայության, ապա հայտարարագրում նշել դրա մասին։

  • Կիսվել: