շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Հայաստանի իշխանությունները միջանցք են տալիս Ադրբեջանին այն պարագայում, երբ չկա Լաչինի միջանցքը, չկա Արցախը. Մարուքյան

Հայաստանի իշխանությունները միջանցք են տալիս Ադրբեջանին այն պարագայում, երբ չկա Լաչինի միջանցքը, չկա Արցախը. Մարուքյան

Այն նույն գիշերը, երբ Վաշինգտոնում հռչակագիր ստորագրվեց, ես հայտարարեցի, որ եթե այդ փաստաթուղթը ԱՄՆ-ի և ՀՀ-ի հարաբերությունների մասին է, ապա Ադրբեջանի նախագահը չպետք է այն ստորագրեր։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մինչդեռ պարզվեց, որ դա Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված հռչակագիր է՝ Ադրբեջանին անխոչընդոտ միջանցք հանձնելու մասին, իսկ ԱՄՆ նախագահը հանդես է եկել որպես այդ գործարքի վկա։

Եվ ահա, Ադրբեջանի ԱԳ նախարարի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ «Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է TRIPP-ի պարտավորությունների ամբողջական կատարում» գալիս է հաստատելու մտահոգությունները, որոնք ես օգոստոս ամսից բարձրաձայնում եմ։

Հայաստանի Հանրապետությունը միջանցք տալու պարտավորություն է ստանձնել և քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ, իսկ Ադրբեջանը սպասում է և ժամանակ առ ժամանակ հիշեցնում ՀՀ իշխանություններին միջանցքի պարտավորության մասին։

Ստացվում է, որ բացի նոր Սահմանադրություն ընդունելուց, խաղաղության պայմանագրի նախապայմաններից է նաև Սյունիքով միջանցքի տրամադրումը։

Սա է մեր իրականությունը. Հայաստանի իշխանությունները միջանցք են տալիս Ադրբեջանին այն պարագայում, երբ չկա Լաչինի միջանցքը, չկա Արցախը և Արցախում ապրող հայեր չկան…

Մենք հնարավորություն ունենք մեզ խաբող մարդկանց փոխել նոր մարդկանցով, և դա անելու ենք սպասվող ընտրություններով»:

  • Կիսվել: