Թույլ չենք տա, որ Վենեսուելայի նավթային արդյունաբերությունը վերահսկվի ԱՄՆ-ի հակառակորդների կողմից. Ռուբիո
ԱՄՆ-ին վենեսուելական նավթ պետք չէ, սակայն ԱՄՆ-ն թույլ չի տալիս այն հանձնել հակառակորդների վերահսկողությանը: Այս մասին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի գերեվարումից հետո ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Նա, մասնավորապես, նշել է. «Մեզ վենեսուելական նավթ պետք չէ։ Մենք ԱՄՆ-ում ունենք բավականաչափ սեփական նավթ։ Այն, ինչ մենք թույլ չենք տա, այն է, որ Վենեսուելայի նավթային արդյունաբերությունը վերահսկվի Միացյալ Նահանգների հակառակորդների կողմից:
Ինչու է Չինաստանին անհրաժեշտ վենեսուելական նավթը: Ինչու է Ռուսաստանին պետք վենեսուելական նավթը: Ինչու է Իրանին անհրաժեշտ վենեսուելական նավթը: Նրանք նույնիսկ այս մայրցամաքում չեն:
Սա Արևմտյան կիսագունդն է։ Սա այն վայրն է, որտեղ մենք ապրում ենք»:


