Օվերչուկը հայտնել է, որ ՌԴ-ն ցանկանում է ընդլայնել ԵԱՏՄ-ն ավելի շատ միգրանտներ տվող երկրների հաշվին
Ռուսաստանը նպատակահարմար է համարում ընդլայնել Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ)՝ ներառելով այն երկրներին, որոնք այնտեղ են ուղարկում ամենամեծ թվով աշխատանքային միգրանտներ, չորեքշաբթի «Ռոսիյսկայա գազետա»-ի հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքի տարբերությունների բացակայությունն ավելի լավ պայմաններ է ստեղծում այդ մարդկանց մեր հասարակությունում ինտեգրելու համար, ազդում է նրանց կյանքի որակի վրա, նրանց դարձնում է ավելի վստահ իրենց իրավունքների հանդեպ, ավելի քիչ կախված սփյուռքից եւ զգալի չափով խլում է հողը աշխատանքային միգրացիայի հետ կապված կրիմինալի ոտքերի տակից։ Սա հիմնականում բացատրում է այն, թե ինչու մենք կցանկանայինք ընդլայնել ԵԱՏՄ-ն այն երկրների հաշվին, որոնք առավել մեծ քանակությամբ աշխատանքային միգրանտներ են ուղարկում»,- նշել է Օվերչուկը։
Նա հիշեցրել է, որ «ԵԱՏՄ օրենքը թույլ է տալիս վերացնել երկրների միջեւ աշխատուժի տեղաշարժի հետ կապված որոշ լարվածությունը», ինչպես նաեւ «թույլ է տալիս Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի քաղաքացիներին, որոնք աշխատում են իրենց երկրներից դուրս, օգտվել նույն իրավունքներից, ինչ այն երկրի քաղաքացիները, որտեղ ապրում եւ աշխատում են»։ Բացի այդ, պարզաբանել է ՌԴ փոխվարչապետը, «նրանց անձնական եկամտից նույն հարկերը գանձվում են»։
«Ժողովրդագրական իրավիճակն, աշխատուժի պահանջարկը եւ դրա արժեքը այնպիսին են, որ տնտեսությունը զարգացնելու եւ գնաճը զսպելու համար անհրաժեշտ է ներգրավել աշխատանքային միգրանտների։ Իհարկե, այս խնդրի մի մասը կարող է լուծվել առաջավոր տեխնոլոգիաների ներդրմամբ եւ աշխատուժի արտադրողականության բարձրացմամբ, բայց սա ավելի երկարաժամկետ լուծում է, որը պահանջում է ներդրումներ, որոնք հատկապես թանկ են այսօր»,- նշել է Օվերչուկը։
Նրա խոսքով՝ «մյուս կողմից, ամբողջ աշխարհում, եւ Ռուսաստանը բացառություն չէ, աշխատանքային միգրանտների ներհոսքը խնդիրներ է ստեղծում ոչ միայն աշխատաշուկայի առանձնահատկություններով, այլեւ մշակութային տարբերություններով, օրենքի անտեղյակությամբ եւ լեզվական պատնեշով, ինչը հանգեցնում է մեկուսացված ազգային սփյուռքի ձեւավորմանը, հանցագործությունների աճին եւ կոնֆլիկտային իրավիճակներին»։
«Մենք բոլորս ականատես ենք լինում Եվրոպայում բնիկ բնակչության փոխարինմանը, եւ շատերի մոտ դա դրական էմոցիաներ չի առաջացնում: Հարցն այն է, թե ինչպես անել, որ աշխատանքային միգրացիայի խնդիրները հասարակության համար ավելի քիչ ցավոտ լինեն»,- ամփոփել է ՌԴ փոխվարչապետը: