Լիոնում երթին մասնակցել է մոտ 55 000 մարդ
Ֆրանսիայում շխատավարձերի և գնողունակության վերաբերյալ համազգային գործադուլի շրջանակում տասնյակ հազարավոր մարդիկ երթով անցել են Լիոնի փողոցներով: Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, երբ բողոքի երթուղու երկայնքով սկսվել են բախումներ, տեղեկացնում է Euronews-ը։
Ինչպես հաղորդվում է՝ նշված միջոցառումը կազմակերպվել է ֆրանսիական արհմիությունների կողմից, որոնք կենտրոնացել են աշխատավարձերի և հանրային ծառայությունների վերաբերյալ բազմահազար քաղաքացիների պահանջների վրա:
Իշխանությունների գնահատմամբ՝ երթի մասնակիցների թիվը 30 000 էր, մինչդեռ CGT արհմիությունը պնդել է, որ երթին մասնակցել է 55 000 մարդ։ Քաղաքի փողոցներով ընթանալիս մասնակիցները պարզել են արհմիութենական կոչեր պարունակող պաստառներ։
Նշվում է նաև, որ երթն անցել է տեղական իշխանությունների կողմից սահմանված երթուղով, քանի որ վերջիններս արգելել են ցույցերը Լիոնի կենտրոնական հատվածում՝ մտավախություն ունենալով վանդալիզմի և թալանի հնարավոր նոր դեպքերի առթիվ։ Արհմիությունները դատական կարգով բողոքարկել են այդ սահմանափակումները, սակայն նրանց հայցը մերժվել է։
Քաղաքում տրանսպորտային հաղորդակցությունը խաթարվել է, խափանվել է մետրոյի և ճոպանուղու աշխատանքը։



