Մեր երկրի վարկանիշը սպորտի ոլորտում գնալով ամրապնդվում է. ԿԳՄՍ նախարար
2027 թվականին մենք կհյուրընկալենք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը։ Նախատեսում ենք շուրջ 50 երկրի մասնակցություն։ Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով 2027-ին սպասվող միջազգային խոշոր իրադարձություններին։
«Խաղերը կանցկացվեն հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը։ Մինչև խաղերը Երևանում կանցկացվի Ֆրանկոֆոնիայի երկրների մշակույթի նախարարների համաժողովը։ Հազարավոր մարդկանց ենք սպասում։
Անմիջապես Ֆրանկոֆոնիայից հետո կմեկնարկեն Համահայկական խաղերը։ Բայց մինչև ամառ էլ շատ անելիք ունենք։ Գարնանը մենք հյուրընկալելու ենք սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը։ Ձմռանը հյուրընկալելու ենք կարատեի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությունը։
Աշնանը հյուրընկալելու ենք ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը, ինչպես նաև քննարկվում են մի շարք մրցաշարեր՝ բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը, սպորտային պարերի աշխարհի առաջնությունը, մինչև 21 տարեկան երիտասարդների և պատանիների վարկանիշային մրցումները, լողափնյա վոլեյբոլի մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։
Այս առաջնությունները մեր երկիրը միջազգային սպորտային քարտեզի վրա դիրքավորելու շատ կարևոր նախաձեռնություններ են, և մենք արդեն տեսնում ենք, որ մեր երկրի վարկանիշը սպորտի ոլորտում գնալով ամրապնդվում է։ Եվ յուրաքանչյուր հաջորդ համագործակցությունը շատ ավելի մեծ վստահությամբ է մեր երկրին վերապահվում»,- նշեց նախարարը։



