Մոսկվայի համար անհասկանալի է պաշտոնական Երևանի տրամաբանությունը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում. Զախարովա
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում «բառային աճպարարությամբ» է զբաղվում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունները պետք է նախ պարզեն սեփական ժողովրդի դիրքորոշումը Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրության հարցում, ապա միայն համապատասխան քայլեր ձեռնարկեն։
«Լսեցինք Նիկոլ Փաշինյանի հերթական բառային աճպարարությունն ու ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության վերաբերյալ հերթական դատողությունները։ Ոչ մի նոր բան։ Կրկին ժողովրդավարական ձևակերպումներ, Հայաստանի բնակչությանը մոլորեցնելու փորձ և որևէ կոնկրետություն չկա»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ հավելելով, որ Մոսկվայի համար անհասկանալի է պաշտոնական Երևանի տրամաբանությունը։
«Նույնիսկ ամենասովորական կենցաղային տրամաբանությունը հուշում է, որ նախ պետք է հարցնել սեփական բնակչության կարծիքը, ապա նոր քայլեր ձեռնարկել, ոչ թե հակառակը»,-ընդգծել է Զախարովան:



