Գվինեայի նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահը
Գվինեայի անցումային շրջանի գործող նախագահ Մամադի Դումբույան հաղթանակ է տարել դեկտեմբերի 28-ին երկրում կայացած պետության ղեկավարի ընտրություններում։ Այս մասին հայտնել է Ընտրությունների գլխավոր տնօրինության ղեկավար Ջենաբ Տուրեն, տեղեկացնում է Գվինեայի ռադիոհեռարձակման և հեռուստատեսության ծառայությունը:
Նա, մասնավորապես, նշել է. «Դումբույան հաղթել է ընտրություններում՝ ստանալով ձայների 86,72 տոկոսը: Ընտրությունների երկրորդ փուլ չի լինի»։
Նշվում է, որ նախագահի պաշտոնի համար պայքարել է ինը թեկնածու։ Ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփի Սահմանադրական դատարանը՝ հնարավոր բողոքների և վերաքննարկումների քննումից հետո, ինչի համար նրան տրված է մեկ շաբաթ ժամանակ։
Ընտրություններն անցկացվել են նոր սահմանադրության հիման վրա, որն ընդունվել է սեպտեմբերին կայացած համազգային հանրաքվեով։
Գվինեայում իշխանության գլուխ կանգնած են զինվորականները, որոնք Դումբույայի գլխավորությամբ պետական հեղաշրջում են իրականացրել 2021 թվականի սեպտեմբերին՝ իշխանությունից հեռացնելով այդ ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալֆա Կոնդեին։


