Եվրոպական դատարանը սկսել է վրացական ՀԿ-ների գործի քննությունը
«Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն» (ISFED) ՀԿ-ի հրապարակած տեղեկության համաձայն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2026 թվականի հունիսի 25-ին սկսել է Վրաստանի քաղաքացիական հասարակության հինգ կազմակերպության՝ Սոցիալական արդարադատության կենտրոնի, Քաղաքացիական հասարակության հիմնադրամի, Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակության, Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի (IDFI) և «Սափարի»-ի բանկային հաշիվների սառեցման վերաբերյալ գործի քննությունը, գրում է aliq.ge-ն:
Այս ՀԿ-ները Եվրոպական դատարան են դիմել 2025 թվականի հոկտեմբերի 15-ին։
Եվրոպական դատարանը հայցին շնորհել է էական ազդեցություն ունեցող գործի կարգավիճակ, ինչը նշանակում է, որ գործը կարող է հատուկ ազդեցություն ունենալ դատական պրակտիկայի, ազգային օրենսդրության և մարդու իրավունքների ու հանրային ավելի համապարփակ հարցերի վրա։
«Գործի էական վերանայման այս եղանակով մեկնարկը կարևոր ուղերձ է Վրաստանի իշխանություններին, որ քաղաքացիական հասարակության գործունեությունը սահմանափակելու, մարդու իրավունքների պաշտպանության գործունեությունը քրեականացնելու և անկախ կազմակերպություններին հետապնդելուն ուղղված ցանկացած գործողություն կենթարկվի միջազգային իրավական գնահատման և չի կարող մնալ առանց համապատասխան արձագանքի», — ասված է ISFED-ի հրապարակած տեղեկության մեջ։


