ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը մտահոգիչ է համարում ԱՄՆ-ի հայտարարությունները Գրենլանդիայի վերաբերյալ
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը խոր մտահոգություն է հայտնել Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ հայտարարությունների առումով, տեղեկացնում է The Guardian-ը։
Նշվում է, որ նա հաստատել է ԵՄ արձագանքի վերաբերյալ բանակցությունները: Մասնավորապես, Կալասը Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ-ի վերջին մեկնաբանություններն անվանել է «խոր մտահոգիչ»՝ հաստատելով, որ ԵՄ-ն ներքին քննարկում է անցկացրել, թե ինչպես կարող է արձագանքել ԱՄՆ-ի կողմից տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ցանկացած քայլի։
Եգիպտոսում ունեցած ելույթում Կալասն ասել է. «Գրենլանդիայի վերաբերյալ մեր լսած հաղորդագրությունները չափազանց մտահոգիչ են, և մենք նաև քննարկումներ ենք ունեցել եվրոպացիների շրջանում, թե արդյոք սա իրական սպառնալիք է, և եթե այո, ապա ինչպիսի՞ն կլինի մեր արձագանքը։ Քանի որ Դանիան Միացյալ Նահանգների լավ դաշնակիցն է եղել, այս հայտարարություններն իրականում չեն նպաստում աշխարհում կայունությանը։ Ես կասեի, որ միջազգային իրավունքը շատ հստակ է։ Մենք պետք է հետևենք դրան։ Ակնհայտ է, որ սա միակ բանն է, որը պաշտպանում է փոքր երկրներին, և այդ պատճառով, ինչպես այսօր քննարկեցինք, բոլոր մակարդակներում միջազգային իրավունքի պահպանումը մեր բոլորի շահերից է բխում»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե, ելնելով Արկտիկայի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունից, ԱՄՆ-ին պետք է Գրենլանդիան: «Մեզ Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության նկատառումներից ելնելով»,-ասել է Թրամփը:


