Իշխանությունները հավատարիմ են իրենց որդեգրած սկզբունքներին և չեն խառնվում հանձնաժողովի գործունեությանը. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդման ժամանակ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը խոսեց այն խնդիրների մասին, որոնց լուծումն անհրաժեշտ է տեսալսողական մեդիայի ոլորտում զարգացում ապահովելու համար, նաև այն խնդիրների մասին, որոնց լուծման ձգձգումը հանգեցրել է որոշ բացասական հետևանքների:
Նրա խոսքով՝ կարգավորող մարմինը 2024-ին գործել է թափանցիկ, ազատ և հաշվետու՝ հասարակությանը:
«Ինչ վերաբերում է մեր անկախությանը, ապա առաջինը՝ այն երաշխավորված է Սահմանադրությամբ և օրենքներով, երկրորդ՝ հանձնաժողովի կազմով: Պետք է նշեմ, որ գոնե այս բնագավառում, մյուսների մասին իրավասու չեմ խոսել, իշխանությունները հավատարիմ են իրենց որդեգրած սկզբունքներին և չեն խառնվում հանձնաժողովի գործունեությանը: Իհարկե, այդպիսի փորձեր լինում են, դա նորմալ է, վեճեր լինում են, փորձեր լինում են՝ կանխորոշել մեր որոշումները, սակայն կամ փոխհամաձայնեցված որոշումների արդյունքում նրանք որևէ արդյունքի չեն հասնում: Այդ առումով հանձնաժողովը գործում է ազատ և անկախ»,- հայտնեց Հակոբյանը:
Ինչ վերաբերում է խնդիրներին, նկատեց՝ մենք ապրում ենք այնպիսի պայմաններում, երբ տեղեկատվությունը ավանդական մեդիայից ծորում է դեպի սոցցանցեր, համացանց, դա կրկնօրինակվում է սունկ կայքերով, տարբեր էլեկտրոնային հարթակներով, որոնց մի մասը գործում է արհեստական բանականության գործիքակազմի միջոցով:
Հակոբյանի խոսքով՝ դա բավական մեծ սպառնալիքներ է ստեղծում և՛ Հայաստանի տեղեկատվական անվտանգության համար, և՛ մարդկանց հոգևոր ու ֆիզիկական առողջության համար, և՛ սահմանափակում է Հայաստանի տեղեկատվական և լեզվական ինքնիշխանությունը:
«Սա մենք պետք է արձանագրենք և ավելացնենք, որ մեդիակարգավորող օրենսդրությունը չի հասցնում այս պայթյունային փոփոխությունների հետևից»,- ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը:
Իսկ թե ինչ պետք է անենք այս խնդիրները լուծելու համար, ասաց՝ առաջինը և ամենակարևորն այն է, որ բոլոր՝ մուլտիպլեքսում, ցանցային օպերատորների փաթեթներում, համացանցում հեռարձակողների օրենսդրական կարգավորումները պետք է համահարթեցվեն, նշեց՝ այսօր քիչ թե շատ կարգավորման ենթակա են միայն հանրային մուլտիպլեքսի հեռուստաընկերությունները, ինչն անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում, իսկ ցանցային օպերատորների մոտ՝ նվազագույն, իսկ համացանցում հեռարձակվող լրատվամիջոցները որևէ եղանակով չեն կարգավորվում:
«Հայաստանի քաղաքացիները, հատկապես երիտասարդությունը, տեղեկատվության մեծ մասը ստանում է համացանցի միջոցով, որը չի կարգավորվում, և դա արդեն զավեշտալի իրավիճակի է հասնում:
Երկրորդ՝ մասամբ կարգավորվում են այն հեռուստածրագրերը, որոնք առկա են ցանցային օպերատորների փաթեթներում: Եվ այդ ցանցերում քիչ թե շատ կարգավորվում են միայն հայկական արտադրության ծրագրերը: Դրսի տեսալսողական ծառայություն մատուցողները, որոնք գտնվում են դիստրիբյուտորների կողմից և վաճառվում ցանցային օպերատորներին, նրանք որևէ կարգավորման ենթակա չեն, և հանձնաժողովը նույնիսկ իրավունք չունի տուգանել կամ դիմել այլ պատժամիջոցների:
Ստացվում է, որ հայկական ալիքները պահպանում են օրենքները, որովհետև կարգավորվում են, իսկ դրսից ներխուժում, ծորում են մեր ինքնիշխան հարթակներ: Դուք շատ լավ գիտեք և՛ թշնամանքի խոսքը, և՛ պատերազմի հրահրումը: և՛ կրոնական ու ազգային խտրականությունը և այլն: Սա շտկման կարիք ունի»,- նշեց Հակոբյանը:
Նրա խոսքով՝ մյուս տարօրինակ բանն այն է, որ եթե մուլտիպլեքսում հեռարձակվող հայկական ծրագրերը պարտավոր են անվճար հեռարձակվել կաբելային ցանցերում, ապա դրսի տեսալսողական ծրագրերի համար կաբելային ցանցերը գումար են վճարում: