Կեղծ գիտնականներից մեկը Վահան Կոստանյանն է, ասպիրանտուրա ընդունվեց, չծառայեց, դուրս եկավ ասպիրանտուրայից, բայց էլի բանակ չգնաց. Մանուկյան
Արարատ Միրզոյանը հայտարարեց՝ պետք է ազատվել կեղծ գիտնականներից, այդ կեղծ գիտնականներից մեկը Վահան Կոստանյանն է, ի՞նչ եք արել պարզելու համար: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը․
Նա, մասնավորապես, նշեց. «Քվոտավորում դրեցիք, ես, ՀՀ քաղաքացի Գեղամ Մանուկյանը, պատրաստ լինելով վճարել 24 միլիոն, չեմ տեղավորվում այդ քվոտավորման մեջ: Դիմում եմ Սահմանադրական դատարան, որովհետև այս օրենքն ասում է, քաղաքացին կարող է 24 միլիոն տա ու մեկ ամիս ծառայի։ Առանց քվոտավորումների, երբ որ ես, որպես քաղաքացի, իրավունք եմ ունենալու դիմել Սահմանադրական դատարան՝ ասելով, որ իմ հարևանը գույքային առավելություն ունի ու կարողացել է վճարի ու չծառայի, իսկ ես չունեմ... Գույքով պայմանավորված ՀՀ Սահմանադրությամբ խտրական իրավունք չկա»։
Մանուկյանը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ այս դահլիճում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մի հետաքրքիր բան է հայտարարել․ «Նա ասաց՝ պատրաստվում է լյուստրացիայի ենթարկել, պատրաստվում է հրապարակել կոնկրետ պաշտոնյաների անուններ, որոնց զավակներ են ծառայությունից ազատվել տարբեր զարտուղի պատճառներով: Օրինակ՝ այլ երկրի քաղաքացիություն ընդունելու պատճառով ազատվել են ծառայությունից, բայց մինչև հիմա, ցավոք սրտի, դա չտեսանք»:
Մանուկյանը նաև նշեց, որ կառավարության նիստում շատ հետաքրքիր երկխոսություն եղավ: Նա նշեց, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ պետք է ազատվել կեղծ գիտնականներից:
«Այդ կեղծ գիտնականներից մեկը՝ Վահան Կոստանյանը, Արարատ Միրզոյանի հետ 18 թվականից բոլոր պաշտոններում եղել է: Երեք տարի համալսարանի արվելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան ընդունվեց, չծառայեց, որևէ գիտական հոդված չգրեց, չհրապարակեց, որևէ քննություն չհանձնեց, վերջին պահին դիմում գրեց, դուրս եկավ ասպիրանտուրայից, բայց էլի բանակ չգնաց, ձևակերպեց Պաշտպանության նախարարությունը առողջական պատճառներով: Ի՞նչ եք արել սա պարզելու համար»,-ասաց նա:
ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը միջամտեց և հայտարարեց, որ պետք չէ անմեղության կանխավարկած խախտել և մեղադրել որևէ մեկին որևէ բանում:
Իսկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հայտարարեց, որ այս և բոլոր դեպքերը պետք է ուսումնասիրվեն: