շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Այժմ մենք խորհրդակցությունների գործընթացում ենք Ադրբեջանի հետ՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար. վարչապետ

Այժմ մենք խորհրդակցությունների գործընթացում ենք Ադրբեջանի հետ՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ընթացող «GLOBSEC 2025» ֆորումի շրջանակում մասնակցել է «Օգտագործելով պահը՝ հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար» պանելային քննարկմանը: Վերջինիս մասնակցել են նաև Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Ավստրիայի նախկին կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը և Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախկին նախարար Միրոսլավ Լայչակը:

Վարչապետը, պատասխանելով քննարկման մոդերատորի` ԵՄ-ին անդամակցության մասին հարցին, հիշեցրել է, որ ՀՀ-ում ընդունվել է օրենք` Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին։ Երկրի ղեկավարը նշել է, որ այժմ ՀՀ-ն սերտ համագործակցություն ունի Եվրամիության հետ: «Բայց մյուս կողմից, մենք խնդիր չունենք խզելու մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ վարում ենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն, և դա մեր ռազմավարությունն է»,- ասել է վարչապետը։

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ ժողովրդավարության զարգացումը ՀՀ Կառավարության համար ռազմավարական նշանակություն ունի և այդ հարցում կարևորել ԵՄ հետևողական ու շարունակական աջակցությունը:

Վարչապետը նշել է, որ ՀՀ-ի նպատակն է տարածաշրջանային երկրների հետ միասին կայուն և երկարատև խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում։

«Եվ գիտեք, որ այս տարի կարողացանք Ադրբեջանի հետ դրական արդյունքներով ավարտել մեր երկրների միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Այսինքն՝ այդ նախագիծը համաձայնեցվել է երկկողմանիորեն, և հիմա ժամանակն է ստորագրել խաղաղության համաձայնագիրը: Այժմ մենք խորհրդակցությունների գործընթացում ենք Ադրբեջանի հետ՝ այդ կետին հասնելու և խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: