Եվրոպական հնագիտության օրերը ևս մեկ հնարավորություն են՝ հայացքն ուղղելու մեր երկրի ժառանգությանը. Ժաննա Անդրեասյան
Հայաստանում մեկնարկել են Եվրոպական հնագիտության օրերը: Միջոցառումների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը հուլիսի 13-ին «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողները» մանկապատանեկան ստեղծագործական մրցույթի մասնակից դպրոցականների հետ այցելել են Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարան:
Այցին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հյուրերը շրջել են թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել պեղումների արդյունքում հայտնաբերված եզակի նմուշներին, որոնք ընդգրկում են վաղ բրոնզե դարից մինչև ուշ միջնադար ընկած ժամանակաշրջանները։ Նրանք նաև այցելել են թանգարանի նկուղային հարկում գտնվող հատուկ սրահ, որտեղ պահվում են Վանի թագավորության շրջանի ոսկյա, արծաթյա, սաթե և կիսաթանկարժեք քարերով մշակութային արժեքներ։
Միջոցառման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը պատվոգրեր են հանձնել «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի մասնակիցներին: Շնորհակալություն հայտնելով դպրոցականներին մասնակցության և հետաքրքրության համար՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումը նախևառաջ նպատակ ունի ուշադրություն հրավիրել պատմամշակութային ժառանգության պահպանմանը:
«Պատմամշակութային ժառանգության պահպանությունը և ուսումնասիրությունն այդ ժառանգությունը շարունակելու և նորովի զարգացնելու գրավականն են: «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթում ներկայացված հետաքրքիր գաղափարները, հուսով եմ, հետագայում ևս կլինեն ձեր հետաքրքրությունների շրջանակում: Մեծամորի թանգարան այցն էլ, անկասկած, օգտակար կլինի` հասկանալու, թե դեռ որքան կարևոր բացահայտումներ ունեք անելու: Մեր երկիրը, դրա պատմությունն ու արժեքները ճանաչելու առումով այսօրինակ այցելությունները շատ կարևոր են»,- դիմելով աշակերտներին՝ ասել է ԿԳՄՍ նախարարը:
Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել՝ նմանօրինակ միջոցառումները կնպաստեն հուշարձանների և թանգարանների տեսանելիության բարձրացմանն ու հանրահռչակմանը:
Երևանի և ՀՀ մարզերի տարբեր ուսումնական հաստատությունների աշակերտներն այցի շրջանակում մասնակցել են նաև Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարանում իրականացվող կրթական ծրագրերին, այդ թվում՝ արհեստական պեղումների գործընթացին՝ ստանալով գործնական գիտելիքներ հնագիտության բնագավառում։
«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողները» ամենամյա համաեվրոպական մրցույթի Հայաստանի ազգային փուլը ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացնում է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը։ Այս տարվա հաղթողների ցանկում Հայաստանից ընդգրկվել է «Սասնա ծռեր. փայտյա խաղ-փազլ հայկական էպոսի մասին» աշխատանքը: Նախագիծը ներկայացրել են Հասմիկ Սիմոնյանը և Նարե Թովմասյանը, որոնք մայիսին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մասնակցել են միջազգային մրցույթի պարգևատրմանը:
«Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում մշակութային ժառանգության հանդեպ դպրոցականների վերաբերմունքին: Եվրոպական հնագիտության օրերը ևս մեկ հնարավորություն են` հայացքն ուղղելու մեր երկրի ժառանգությանը, ինչպես նաև հնագիտությանը՝ որպես մասնագիտություն»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
«Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառմանը Հայաստանը մասնակցում է 3-րդ տարին։ Միջոցառմանը միացել են հնագիտությամբ զբաղվող մի շարք կառույցներ` ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը, Հայաստանի պատմության թանգարանը, Լոռի-Փամբակի, Դիլիջանի, Գեղարքունիքի, Շիրակի երկրագիտական թանգարանները, Էրեբունի արգելոց-թանգարանը, Երևանի պատմության թանգարանը։
Միջոցառումներ են նախատեսված բոլոր տարիքային խմբերի, հնագիտությամբ հետաքրքրվողների համար։ Միջոցառումների ցանկը` կից: