Տարածաշրջանում երկրաշարժների պատճառը Ադրբեջանի կողմից ընդերքի դատարկումն է․ փորձագետ
Տարածաշրջանում երկրաշարժների ակտիվացման պատճառը Ադրբեջանի կողմից ընդերքի դատարկումն է։ Իրենց առաջացրած խնդիրը թողած՝ մեր հանքարդյունաբերությունից են բողոքում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց հիդրոտեխնիկ-ինժեներ, գիտությունների թեկնածու Քնարիկ Հովհաննիսյանը։
«Իմ կարծիքով այդ երկրաշարժները տեղի են ունենում նրանից, որ ընդերքը դատարկում են, արդյունքում ընդերքում խոռոչներ են առաջանում, սկսվում է գեոպլաստերի փոփոխություն, գեոլոգիական շերտերի փոփոխություն, որն էլ հանգեցնում է նման հաճախականությամբ երկրաշարժերի։ Իրենց խնդիրներին անդրադառնալու փոխարեն՝ մեր հանքարդյունաբերությունից են խոսում»։
Նա ընդգծեց, որ բոլորովին էլ պատահական չէ, որ անդրադառնում են հենց Քաջարանի կոմբինատին։ «Սա Հայաստանի ամենախոշոր հարկատուն է ու Հայաստանի դեմ վարվող տեղեկատվական պատերազմի մի մաս։ Ցավոք, այս պատերազմի մեջ գիտակցաբար կամ անգիտակցաբար ներգրավվում են մեր բնապահպանները կամ որոշ լրատվամիջոցներ։
Չէի ուզենա վատաբանել, բայց հաճախ կան կազմակերպություններ, որոնք գրանտ են վերցնում, ու ինչի համար ստանում են այդ գրանտը՝ հաշվետվության մեջ դա էլ գրում են։ Ես, իհարկե, դա չեմ կարող ապացուցել, բայց ես չեմ էլ տեսել վերլուծություն, որն ինձ՝ որպես անկախ փորձագետ, կարող է համոզել դրանց անաչառության մեջ։ Գրում են՝ առանց հաշվի առնելու, որ այդ հոդվածները վնասում են մեր հանրապետության իմիջին։ Հետո էլ ադրբեջանցիները դա դրոշակ են սարքում մեր դեմ։ Երբևէ տեսե՞լ եք, որ Ադրբեջանում նման բնապահպանական հետազոտություններ արվեն, ի՞նչ եք կարծում՝ իրենց մոտ ամեն ինչ կարգին է։
Վստահեցնում եմ՝ ոչ»։
Նա ընդգծեց, որ ամենևին էլ չի պնդում, որ հանքարդյունաբերությունը որևէ կերպ չի վնասում բնությանը, շրջակա միջավայրին, սակայն թշնամական երկրից հնչող պնդումները որևէ հիմք չունեն։
«Ինչ եք կարծում՝ ինչու մեզանից խլեցին Արցախը։ Դա նաև ջրային ռեսուրսի խնդիր էր, ջրային ռեսուրսի պատերազմ էր։ Գիտեք, դեռ տասնամյակներ առաջ Գերմանիայում գիտական մի միջազգային կոնֆերանսի ժամանակ լսեցի այն մասին, որ հաջորդ պատերազմները լինելու են քաղցրահամ ջրային ռեսուրսների համար։ 44-օրյա պատերազմը նույնպես ջրային ռեսուրսների, ստորգետնյա աղբյուրների համար էր»,- ասաց Հովհաննիսյանը։
Նա նաև նշեց, որ ադրբեջանցիները հիմա հաճախ հղում են կատարում մի հետազոտության, թե իբր մանկապարտեզի երեխաների մազերի մեջ գտել են կապար, մկնդեղ՝ միշյակ։ «Հատկապես միշյակի մասին շատ են սիրում ադրբեջանցիները գրել, այն պարագայում, երբ այդ մկնդեղը արդեն մի քանի տասնամյակ է, չի էլ օգտագործվում մեր հանքարդյունաբերողների կողմից։
Դա կիրառվում էր խորհրդային տարիներին, իսկ հողի մեջ այս նյութը մնում է տարիներով, դրա քայքայման համար 250-300 տարի է պետք։ Այսինքն՝ դա սովետից մնացած ժառանգությունն է։ Այս հարցը շահարկողները ստանում են պատվեր և վարձատրվում են դրա համար, ու դրանից օգտվում են նաև մեր թշնամիները։
Ինչևէ, իհարկե, ծանր մետաղները վնասակար են թե՛ մարդու առողջությանը, թե՛ բնությանը, սակայն որևէ ուղիղ ապացույց կամ հետազոտություն, որ քաղցկեղի առաջացման պատճառը հենց հանքարդյունաբերությունն է, նման ուսումնասիրություն կամ ապացույց ես դեռ չեմ տեսել»,- ասաց փորձագետը։