Սա կլինի անկախությունից ի վեր առողջապահության ամենակարևոր ռեֆորմը. Թորոսյանը ապահովագրության նոր փաթեթի մասին
Առողջության նախատեսվող հարկը հնարավոր է սկզբում ուղղվի միայն աշխատող քաղաքացիների, ապա տարիների ընթացքում նաև չաշխատողների ապահովագրությանը, հարկի չափի փոփոխությունները ևս քննարկելի են: Այս մասին լրագրողների հետ կազմակերպված սեմինար-դասընթացի շրջանակում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարի ներկայացված առողջության համապարփակ ապահովագրության փաթեթում փոփոխությունների գրեթե ոչ մի սցենար չի բացառում:
Հարցին՝ թե ինչպե՞ս առաջացավ առողջության հարկի գաղափարը, ինչո՞ւ ներկայացվեց 6 տոկոսի տարբերակը, նախարարը պատասխանել է.
«Առողջապահության վրա գումար, այսպես թե այնպես ծախսվում է, ոմանք դա անում են իրենց տները, մեքենաները վաճառելով, վարկ կամ պարտք վերցնելով, ոմանք չեն կարողանում դա անել և պահպանել իրենց առողջությունը: Եվ պետությունը խնդիր ունի գումարների հավաքման ու բաշխման նոր մեխանիզմներ ներդնելու: Այդ մեխանիզմներից մեկը հայտնի է որպես առողջության ապահովագրություն: Մեր գծածն այնքան ընդգրկուն փաթեթ է, որով չծածկվող գրեթե ոչ մի ծառայություն չի մնում: Դրանում օրինակ ներառված չեն ատամնաբուժության թանկարժեք ծառայությունները, սակայն երեխաների համար կա առողջական ատամնաբուժություն»:
Ըստ նրա՝ ներկայում առողջապահության ոլորտում պետությունը վճարում է որոշակի խմբերի անձանց համար, իսկ մնացածի համար չի վճարում ոչինչ:
«Մնացած քաղաքացիները վճարում են իրենց գրպանից, առողջապահության տնտեսագիտության մեջ դա կոչվում է գրպանից կատարվող վճարում: Եվ այդ ցուցանիշը նկարագրում է տվյալ երկրի բնակչության առողջապահությունում ֆինանսական պաշտպանվածությունը: Եվ մենք այդ ցուցանիշով աշխարհի վատագույն տասնյակում ենք: Մեր առողջապահությունում կատարվող ծախսերի 85 տոկոսը կատարվում է մարդու գրպանից, մնացած 15 տոկոսը վճարվում է պետության կողմից: Մենք մեր առաջ խնդիր ունենք այդ բալանսը փոխելու»,-ասաց Թորոսյանը:
Թորոսյանը չբացառեց, որ կարող են ավելի թեթև փաթեթ ձևավորել, որը կարող է ներառել ավելի քիչ ծառայություններ, սակայն այդ դեպքում նախարարության նախնական հաշվարկներով 6 տոկոսի փոխարեն հարկը կկազմի 1.5-2 տոկոս:
«Հնարավոր է, որ լինի 1.5 տոկոս հարկ որոշ աշխատող քաղաքացիների համար, հետո մի 2 տարի օգտվելուց հետո, երբ ձևավորվի հանրային պահանջ, կարող են ներգրավվել նաև չաշխատող քաղաքացիները՝ տոկոսն ավելացնելով: Կարող ենք 100 տոկոսանոց ծածկույթի գնալ ոչ թե միանգամից, այլ օրինակ 10 կամ 20 տարում»,-ասաց նախարարը:
Թե ինչու պետք է աշխատող քաղաքացիները վճարեն չաշխատողների համար, Թորոսյանը նշեց, որ հարցը պետք է դիտարկել անկախ ապահովագրական համակարգի լինել-չլինելուց:
«Դրա մասին կարելի է երկար բանավիճել, կան տարբեր մոդելներ: Եվ մենք պետք է որոշենք՝ ուզո՞ւմ ենք մեր հասարակությունը լինի ներառական և բոլորը լավ ապրեն, թե՞ չենք ուզում»,-ասաց նախարարը: