չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Կունենանք բարձրագույն կրթության և գիտության համակարգի մեկ միասնական օրենք. Անդրեասյան

Կունենանք բարձրագույն կրթության և գիտության համակարգի մեկ միասնական օրենք. Անդրեասյան

Օրենքի ընդունմամբ կունենանք բարձրագույն կրթության և գիտության համակարգի մեկ միասնական օրենք՝ նախկինում ոլորտը կարգավորող 4-ի փոխարեն: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հուլիսի 1-ին գումարված ԱԺ արտահերթ նիստի ընթացքում՝ ներկայացնելով «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:

Նախարարի խոսքով՝ փաթեթը բավականին երկար քննարկման ճանապարհ է անցել և ուղղված է բարձրագույն կրթության և գիտության ոլորտում ամենակարևոր բարեփոխմանը:

Ըստ հիմնական զեկուցողի՝ ներկայացվող փաթեթի ընդունմամբ օրենսդրությունը կդառնա ավելի ուսանողակենտրոն՝ հնարավորություն ընձեռելով ավելի ճկուն ուսումնական գորընթաց իրականացնել:

Նախարարի տեղեկացմամբ օրենքում առանձին սահմանվում է ուսանողական համարժեք փորձառությունն իբրև հասկացություն, ներդրվում է ոլորտի կառավարման թվային միջավայր, ուսանողական ինքնակառավարման նոր մշակույթ է ներդրվելու բուհերում, նախատեսված են ուսանողական կրթաթոշակային բազմամակարդակ համակարգեր, որոնց միջոցող բարձր առաջադիմություն ունեցող որևէ ուսանող վարձավճարի պատճառով դուրս չի մնա:

Բարձրագույն կրթության և գիտության ոլորտների համաչափ զարգացմանն ուղղված քաղաքականության ձևավորման և իրականացման հիմքերն ու պայմաններն ապահովելու նպատակով օրենքի նախագծում սահմանվում են բարձրագույն կրթության և գիտության համակարգում նոր իրավական, կազմակերպական և ֆինանսական հարցերի հետ կապված հարաբերություններ, ներառյալ ակադեմիական քաղաքին և գիտական փորձաքննությանը վերաբերող հարաբերությունները՝ արտացոլելով բարեփոխումների ընթացքը: Օրենքի նախագծում ամրագրվել են դրույթներ, որոնք միտված են բարձրագույն ուսումնական հաստատությունների խոշորացման, այդ թվում՝ գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման, որպես գիտահետազոտական ինստիտուտներ, բուհերի կազմում ընդգրկվելու, համագործակցության և աստիճանական ինտեգրման, հետազոտական ցանցեր և կոնսորցիումներ ձևավորելու իրավական հիմքեր ստեղծելուն՝ ապահովելու որակյալ բարձրագույն կրթություն և հետազոտական արդյունքներ:

Կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով օրենքի նախագծով նախատեսվում է հանրային բուհերի, գիտական կազմակերպությունների կառավարման մոդելների, կառավարման մարմինների ձևավորման սկզբունքների, ներկայացվող պահանջների փոփոխություններ և սահմանափակումներ, նրանց լիազորությունների հստակեցում և հավասարակշռում, ամրագրվել են անկախ մարմնի՝ Էթիկայի կոմիտեի ձևավորմանն առնչվող դրույթներ, ակադեմիական բարեվարքության և էթիկայի կանոնակարգի պահանջներին հետևելու պարտավորություններ, չհետևելու դեպքում՝ հետևանքներ: Ընդ որում, բուհի և դրա կառուցվածքային միավորների կառավարման մարմիններում կամ կառավարման կոլեգիալ մարմիններում արգելվում է կուսակցական անձանց ներգրավումը: Նման հանգամանքի առաջացումը կարող է հիմք դառնալ նշված պաշտոններից անձի ազատման համար:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը՝ հորդորելով ոլորտով հետաքրքրված շահագրգիռ անձանց ներկայացնել առաջարկներ: Նա տեղեկացրել է, որ ամռան ամիսներին կարող են լինել աշխատանքային քննարկումներ երկրորդ ընթերցումից առաջ:

  • Կիսվել: