Ռուբեն Վարդանյանի փաստաբանը մի շարք փաստաթղթերի տրամադրման հարցով դիմել է Բաքվի դատարանին
Այսօր Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված կեղծ գործով հերթական շինծու դատական նիստը։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Վարդանյանի փաստաբան Ավրաամ Բերմանը դիմել է դատարանին։ Նա հայտնել է, որ հունիսի 23-ին դատավորների կազմը թույլատրել է «մեղադրյալին» ծանոթանալ այս տարվա փետրվարի 13-ին և 17-ին կայացած դատական նիստերի արձանագրություններին։ Ներկայում նրանք ցանկանում են ծանոթանալ նախապատրաստական դատական նիստում կայացված և արձանագրություններում արտացոլված որոշումներին։
Պաշտպանական կողմը նաև խնդրել է իրենց տրամադրել այդ օրերին լսումներում իրենց կողմից ներկայացված միջնորդությունները բավարարելու վերաբերյալ որոշումների քաղվածքները։ Ռուբեն Վարդանյանը պաշտպանել է փաստաբանի դիմումը։
Նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը նշել է, թե «մինչ այժմ դատարանը մեղադրյալին և նրա փաստաբանին հնարավորություն է տվել ծանոթանալ ցանկացած փաստաթղթի և կրկին, ինչպես նախկինում, նրանց դա թույլատրվելու է»։
Այնուհետև դատարանում ցուցմունք են տվել իբրև թե «տուժողները» և նրանց «իրավահաջորդները»։
Հաջորդ դատական նիստը կանցկացվի հուլիսի 8-ին: