շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Քննարկվել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումները

Քննարկվել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումները

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի շուրջ աշխատանքները տևել են գուցե 1-2 տարի: Այս ընթացքում մենք մի քանի հարյուր մասնակիցների ներգրավմամբ ունեցել ենք բազմաթիվ քննարկումներ: 1000 էջից  ավելի առաջարկներ ենք ստացել և քննարկել, որոշների դեպքում ունեցել ենք տարբեր դիրքորոշումներ, բայց քննարկումների արդյունքում, մեր կարծիքով, եկել ենք լավագույն լուծման: Այս մասին ասել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ բացելով «Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով հունիսի 27-ին հրավիրված խորհրդարանական լսումները: Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, գործադիր մարմնի պատասխանատուներ, բուհերի ռեկտորներ, գիտնականներ, ուսանողներ, շահագրգիռ այլ անձինք:

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հայտնել է, որ լսումներին մասնակցելու ցանկություն էր հայտնել ավելի քան 300 հոգի, որոնց մի մասին հնարավոր չի եղել հրավիրել: Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում առաջիկայում կրկին քննարկում  կհրավիրվի: Սիսակ Գաբրիելյանը հայտնել է, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը նախատեսվում է առաջին ընթերցմամբ քննարկել ԱԺ առաջիկա արտահերթ նիստի ընթացքում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հաջորդիվ ներկայացրել է օրենքի նախագծի կարգավորումները՝ մինչ այդ շնորհակալություն հայտնելով ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին  արդյունավետ  համագործակցության համար:

««Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի մշակման աշխատանքները սկսվել են շուրջ 10 տարի առաջ»,- ասել է նախարարը՝ անդրադառնալով օրենսդրական նախաձեռնության մշակման տարբեր փուլերին: «Մեր Կառավարությունը բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ստանձնել է հստակ հանձնառություններ, որոնք ամրագրված են Կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագրում, Կառավարության գործունեության ծրագրում, և որոնց իրացման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված են էական քայլեր»,- ընդգծել է նախարարը:

Նա տեղեկացրել է, որ համակարգն ունենալու համար նպատակադրվել են ունենալ պետության ֆինանսավորմամբ գործող մինչև 8 բուհ՝ ուժեղ հետազոտական բաղադրիչով, ապահովել բուհերի միջազգային վարկանիշային աղյուսակների առաջին հինգհարյուրյակում ընդգրկված առնվազն 4 բուհի առկայություն, առնվազն կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը: Նպատակ կա նաև այնպիսի բարձրագույն կրթություն ապահովել, որպեսզի շրջանավարտների առնվազն 90 տոկոսն աշխատի ընտրած մասնագիտությամբ: Նախարարի տեղեկացմամբ՝ օրենքի նախագծում նախատեսված են  նաև այնպիսի մեխանիզմներ, որոնց շնորհիվ պատշաճ առաջադիմությամբ որևէ սովորող ուսման վարձը չվճարելու պատճառով դուրս չմնա բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից:

«Կառավարությունը պարտավորություն  է վերցրել նաև գիտության ոլորտը դարձնել մրցունակ՝ էապես մեծացնելով ֆինանսավորումը»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ գիտության ոլորտի զարգացման համար նախատեսված են նաև այլ քայլեր, որոնք ամրագրվել են օրենքի նախագծում:

«Ներդրվել են մի շարք նոր գործիքներ, որոնք օգնելու են, որպեսզի մեր երկրում բարձրագույն կրթության և գիտության համակարգը լինի իրոք միջազգայնորեն մրցունակ»,- ամփոփելով ելույթը՝ հավաստիացրել է ԿԳՄՍ նախարարը:

Նա նաև անդրադարձել է ոլորտներում առկա բազմազան ու լրջագույն խնդիրներին, պատասխանել լսումների մասնակիցների հարցերին, տվել պարզաբանումներ:

  • Կիսվել: