չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Ձգտում ենք ավելացնել Հայաստանի հնարավորությունները, որպեսզի դուք ստիպված չլինեք լիովին կախված լինել Ռուսաստանից. Կալաս (տեսանյութ)

Ձգտում ենք ավելացնել Հայաստանի հնարավորությունները, որպեսզի դուք ստիպված չլինեք լիովին կախված լինել Ռուսաստանից. Կալաս (տեսանյութ)

Իհարկե, որոշումը Հայաստանի ժողովրդինն է, սակայն, եթե դիտենք ավելի լայն պատկերը, նայենք Եվրոպայի քարտեզին, կտեսնենք որ դա բոլորի համար շահեկան է, եթե համագործակցենք միմյանց հետ: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանին սպասու՞մ են Եվրամիությունում, թե՞ ոչ:

Նա, մասնավորապես, նշել է. «Ճիշտ է, անդամակցության որոշ գործընթացներում մենք բավականին դանդաղել ենք, թեկնածու երկրները չափազանց երկար են սպասել, և մենք փորձում ենք այդ գործընթացներն արագացնել, քանի որ փորձում ենք այդ երկրներին հնարավորություն տալ մուտք գործել մեր ներքին տնտեսական շուկաներ:

Հայաստանը մեր անմիջական հարևանն է, մեր շահերից է բխում, որ մեր հարևանությունը զարգանա, Հայաստանն առաջընթաց ունենա, և լինի տնտեսական աճ և բարեկեցիկ կյանք մարդկանց համար: Այդ իսկ պատճառով մենք փորձում ենք Հայաստանի հետ որքան հնարավոր է սերտորեն աշխատել: Մենք պատրաստ ենք ուսումնասիրել նոր հնարավորություններ՝ տեսնելու, թե էլ ի՞նչ կարող ենք անել»:

Պատասխանելով այն հարցին, որ Հայաստանը մեծ կախվածություն ունի Ռուսաստանից. և շատերը նշում են, որ դեպի Եվրոպա գնալը Հայաստանի համար լի է ռիսկերով եվրոպացի բարձաստիճան դիվանագետը նշել է. «Այն, որ ռուսները սպառնալիքներ են հնչեցնում, նորություն չէ: Մենք դա տեսել ենք նաև աշխարհի այլ հատվածներում: Կարծում եմ՝ այստեղ պետք է հստակ լինի, թե ինչ են ուզում անել հենց իրենք՝ հայ ժողովուրդը: Կախվածություն ունենալ այնպիսի երկրներից, որոնք գուցե այնքան էլ բարեկամական չեն, բարդ է: Նաև այդ պատճառով է պետք տնտեսության դիվերսիֆիկացումը: Ձգտում ենք ավելացնել Հայաստանի հնարավորությունները, որպեսզի դուք ստիպված չլինեք լիովին կախված լինել Ռուսաստանից:

Եթե այդպես եք ցանկանում՝ ընտրությունը ձերն է: Բայց մենք տեսել ենք, թե ինչպես կարող է տնտեսական կախվածությունը նաև կիրառվել ընդդեմ այդ երկրների: Այդ պատճառով անհրաժեշտ է կապ հաստատել բարեկամական երկրների հետ, որովհետև մյուս կողմը կարող է փորձել վնաս հասցնել ձեզ»:

 

  • Կիսվել: