Կձևավորվի ՀՀ քաղաքացիների և ՀՀ-ում բնակվելու իրավունք ունեցողների տվյալների միասնական, ամբողջական շտեմարան. նախագիծ
Նախատեսվում է ձևավորել ՀՀ քաղաքացիների և ՀՀ-ում բնակվելու իրավունք ունեցողների տվյալների միասնական, ամբողջական շտեմարան, որը պետք է ամրագրի անձի իրավական ինքնությունը և լինի նույնականացման հավաստման համար ամբողջական, վստահելի և միակ ճշմարիտ աղբյուրը: Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ագային ժողովի՝ հուլիսի 1-ի նիստին ներկայացրեց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը:
«Բնակչության պետական ռեգիստրի հիմնական սուբյեկներն են ՀՀ քաղաքացիները, ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները, ՀՀ-ում ճանաչված փախստական անձինք, քաղաքացիութուն չունեցող անձինք, ապաստան հայցողները, ինչպես նաև հանրային ծառայության համարանիշ ունեցող օտարերկրացիները»,- ասաց նա:
Նախագծով ամրագրվում է, որ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալն արդեն իսկ ունի իրավական ուժ, այսինքն՝ անհրաժեշտություն չկա փաստաթուղթ ունենալ: Եթե տվյալը կա բնակչության պետական ռեգիստրում, ապա այն արդեն իսկ օժտած է իրավական ուժով:
«Կարևորագույն տվյալ է համարվելու հանրային ծառայության համարանիշը, որը հիմնական նույնացնող գործիքն է լինելու բոլոր պետական մարմինների համար»,- ասաց նա:
Հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հիշեցրեց՝ 2002 թվականից է ընդունվել «Պետական ռեգիստի մասին» օրենքը և մինչև այսօր փոփոխության չի ենթարկվել:
«Խնդիրն այն է, որ պետական ռեգիստրն այսօր երկրորդական ռեգիստր է, միասնական չէ, և բնակչության մասին տեղեկատվությունը տարբեր աղբյուրներից է մուտքագրվում պետական ռեգիստր:
Այդ ընթացքում նաև ծրագրատեխնիկական խնդիրներ են առաջանում, օրինակ՝ ծննդյան և մահվան տեղեկատվությունը հավաքվում է արդարադատության նախարարության համապատասխան կառույցներում, հետո փոխանցվում է բնակչության պետական ռեգիստր, իսկ ռեգիստրում արդեն այլ լուծումներով են հավաքված լինում, ծրագրատեխնիկական միասնական լուծումներ չի տրվում, ստանդարտներին չի համապատասխանում, և մի շարք այլ խնդիրներ են առաջանում: Այս նախագծով այդ բոլոր խնդիրները լուծվում են»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի՝ նախագիծը կարևոր է նաև ՀՀ կառավարման գործընթացի թվայնացման տեսանկյունից: