չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Դատապարտում ենք Կարմիր խաչի և Կարմիր մահիկի խորհրդանիշների ներքո առաքելություն իրականացնող անձանց հանդեպ բռնությունը. հայտարարություն

Դատապարտում ենք Կարմիր խաչի և Կարմիր մահիկի խորհրդանիշների ներքո առաքելություն իրականացնող անձանց հանդեպ բռնությունը. հայտարարություն

Վերջին շրջանում տարբեր կոնֆլիկտների արդյունքում մարդասիրական առաքելություն իրականացնելու ժամանակ՝ տարբեր երկրներում զոհվում են Կարմիր խաչի և Կարմիր մահիկի աշխատակիցներ ու կամավորներ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը։

«Հայկական Կարմիր խաչի ընկերությունը խորապես ցավակցում է բոլոր նահատակված խաչականների հարազատներին և դատապարտում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի խորհրդանիշների ներքո առաքելություն իրականացնող անձանց հանդեպ բռնությունը։ Մարդասիրական առաքելությունը բարդ և սրբազան գործ է, ապաքաղաքական, ապակրոնական՝ համընդհանուր, մարդու համար և հանուն մարդասիրության։

Առաքելության ճանապարհին Կարմիր խաչի և Կարմիր մահիկի յուրաքանչյուր անդամ պետք է գործի անվտանգ ու անարգել։

Անկախ իրավիճակից՝ պատերազմ, աղետ կամ ցանկացած այլ բան, բոլոր կողմերը պարտավոր են պահպանել Միջազգային մարդասիրական իրավունքը, հարգել կյանքեր փրկող մարդկանց ու նրանց աշխատանքը։

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի աշխատակիցների նկատմամբ ճնշումները, թիրախավորումը կամ առավել ևս նրանց հանդեպ բռնությունը Միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է և համարվում է միջազգային հանցագործություն։ Ժնևի կոնվենցիաները և դրանց լրացուցիչ արձանագրությունները հստակ նախատեսում են մարդասիրական առաքելություն իրականացնող անձանց պաշտպանությունը՝ զինված հակամարտությունների ժամանակ։

Այսօր, երբ աշխարհը կանգնած է նոր ու անողոք մարտահրավերների առաջ, մենք երբեք չենք դադարում հիշեցնել՝ մարդասիրությունը չի ճանաչում սահմաններ, ազգային, սեռային, քաղաքական դիրքորոշումներ և կրոն։

Խոնարհվում ենք բոլոր զոհերի առաջ և հանձնառու ենք շարունակել նրանց առաքելությունը»,– ասվում է հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: