Հայկական գենոմը վեց հազար տարեկան է, իսկ ամենից անփոփոխ այն մնացել է Արցախում և Սյունիքում․ գիտնականների միջազգային խումբ
Այն, որ Հայկական բարձրավանդակը ամենա հին քաղաքակրթության բնօրրաններից մեկն է, վաղուց ապացուցված է բազում գիտական աշխատություններով և հետազոտություններով, բավական է հիշատակել այն փաստը, որ ցորենի հնագույն նմուշները գտնվել են հենց Հայկական բարձրավանդակի տարածքում։
Իսկ վերջերս հայաստանյան և արտերկրի գիտնականների մի խումբ բացահայտել է, որ Հայկական բարձրավանդակում հայերի գենոմը անփոփոխ է արդեն շուրջ 6 հազար տարի՝ այսինքն վաղ բրոնզի դարաշրջանից։ Սա կարելի է համարել սենսացիոն բացահայտում, որը ապացուցում է, որ հայերը որպես էթնոս ձևավորվել են վեց հազար տարի առաջ՝ այսինքն հայերենի հնդեվրոպական լեզուների ընտանիքում առանձին ճյուղ ձևավորելուց դեռ հազար տարի առաջ։ Գիտական այս աշխատության արդյունքները հերքում են հայերի ծագումնաբանության նախկինում տարածված մի քանի վարկած։
«Ամբողջական գենոմի առաջին հետազոտությունը հայկական պոպուլյացիայում» գիտական նախագիծը սկսվել է դեռ 2014 թվականին՝ օրգանական կենսաբանության դոկտոր, Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի «Էվոլյուցիոն գենոմիկայի» լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանի գլխավորությամբ։ Գիտական խմբում ներառված են գիտնականներ թե Հայաստանից, թե Դուբլինի և Քեմբրիջի համալսարաններից, թե Գերմանիայի մարդագիտության ինստիտուտից։ Իսկ հայկական գենոմի ուսումնասիրությունները իրականացվել են Դուբլինի համալսարանում։
Ինչպես նախագծի արդյունքները ներկայացնելիս նշեց Լևոն Եպիսկոպոսյանը, լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքները հարյուր տոկոս ճշգրտություն ունեն, քանզի ուսումնասիրվել և համեմատվել են թե ժամանակակից հայերի ԴՆԹ նմուշներ, թե Հայկական բարձրավանդակի տարածքից պեղված 5-6 հազար տարվա մարդկային մասունքների ԴՆԹ նմուշներ։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայկական գենոֆոնդը 40+ տոկոսով կազմված է տեղաբնակ որսորդների, 55%-ը Մերձավոր Արևելքից նեոլիտի դարաշրջանում Հայկական Բարձրավանդակ քոչած ցեղերի և 2-3% եվրոպոիդների գենոֆոնդից։ Եվ այդ գենոֆոնդերիի միախառնման արդյունքում ձևավորված հայկական գենոմը կայուն և անփոփոխ է շուրջ վեց հազար տարի։ Ըստ Եպիսկոպոսյանի՝ առավել անփոփոխ է մնացել Ուտիքի, Սյունիքի և Արցախի հայերի գենոմը։ Ընդհանուր առմամբ, Եպիսկոպոսյանի խոսքով, անցած վեց հազար տարվա ընթացքում հայկական գենոմի միայն 30% է ենթարկվել որոշակի փոփոխության։
Գիտական այս աշխատության արդյունքում, ըստ Լևոն Եպիսկոպոսյանի հերքվում են նաև հայերի ծագումնաբանության մասին լայն տարածում գտած որոշակի վարկածներ ևս։ Մասնավորապես, աշխատության արդյունքները հերքում են տարածված այն թեզը, թե հայերը ծագել են Բալկաններից Հայկական բարձրավանդակ քոչած փռյուգիական վերաբնակներից։ Այս աշխատությունը հերքում է նաև մեկ այլ տարածված թեզ այն մասին, որ սասունցիների նախնիները ասորացիներ են եղել։
«Այն ամենը ինչ մենք պարզել ենք այս աշխատության ընթացքում շատ կարևոր է և շատ հավաստի։ Տվյալները ապացուցված են ժամանակակից գիտությանը հասու մեթոդաբանությամբ միջազգային գիտական խմբի կողմից։ Արդյունքները հրապարակվել են «The American Journal of Human Genetics» ամսագրում։ Ուստի շատ կարևոր է, որ աշխատության արդյունքները լայն տարածում գտնեն Հայաստանում, ներառվեն դասագրքերի մեջ, հիմք հանդիսանան պատմական նոր աշխատությունների համար, լայնորեն կիրառվեն նաև դիվանագիտական ասպարեզում՝ աշխարհին հայերի ծագումնաբանության մասին ճշմարտությունը ներկայացնելու և տարածվող ստի և հերյուրանքի դեմն առնելու համար»,- ընդգծեց գիտնականը՝ ավելացնելով, որ դեռ 2014 թվականին, երբ գիտական խումբը նոր էր սկսում աշխատանքները, այն ժամանակվա ՀՀ արտաքին գործերի նախարարը (Էդվարդ Նալբանդյան՝ 2008-2018 թթ․, (խմբ․)) իրեն ասել է, որ այդպիսով մեծ վնաս են հասցնում պետությանը։
«Անկեղծ ասած, ես այդպես էլ չհասկացա, թե ապացուցված և հավաստի գիտական աշխատանքը ինչպես կարող է վնասել պետությանը, հակառակը, ես վստահ եմ, որ այս աշխատության արդյունքների կիրառումը թե ուսումնական, թե դիվանագիտական գործընթացներում մեծ օգուտ կարող է բերել Հայաստանին»,- ընդգծեց գիտնականը։
Նա նաև նշեց, որ առաջիկայում պատրաստվում են ուսումնասիրել տարբեր տարածաշրջաններում բնակվող հայերի գենոմները, մասնավորապես համշենահայերի։ «Մեր ուսումնասիրության թիրախ է դառնալու նաև Շահ Աբբասի կողմից 400 հազար հայերի վերաբնակեցման գործընթացը։ Չէ որ մենք այդպես էլ չգիտենք, թե որտեղից են կոնկրետ այդ հայերը վերաբնակեցվել, հետագայում ինչ է եղել նրանց հետ»,- պարզաբանեց Եպիսկոպոսյանը։
Նա նաև ուշագրավ մի քանի փաստեր բերեց այլ ազգերի գենետիկ ուսումնասիրություններից։ Այսպես պարզվել է, որ հայերին գենետիկորեն ամենամոտ ազգերից մեկը Վրաստանում բնակվող սվաններն են։ Գենետիկ ուսումնասիրությունները նաև պարզել են, որ ժամանակին վրացական Մցխեթա քաղաքը հիմնել են արցախցի վերաբնակները։ «Ճիշտ է, հիմա Մցխեթայում ընդամենը երկու հայկական ընտանիք է ապրում, բայց եթե ուսումնասիրենք քաղաքի բնակիչների գենետիկ տվյալները կպարզվի, որ դրանք իդենտիկ են արցխցիների գենետիկ տվյալներին»,- պարզաբանեց մասնագետը։
Նա նաև գոհունակություն հայտնեց այն փաստի կապակցությամբ, որ Հայաստանում գիտնականները որևէ կերպ կաշկանդված չեն իրենց գործունեության և հետազոտությունների հարցում, ինչպես, օրինակ դա տեղի է ունենում հարևան Ադրբեջանում։ «Օրինակ, ադրբեջանցի գիտնականներից մեկը պարզել էր, որ այդ երկրում բնակվող թալիշների գենոմը ավելի նման է պարսիկների գենոմին, քան թյուրքական քոչվորների։ Սակայն, երբ նա իր հետազոտության արդյունքները ներկայացրեց միջազգային հարթակներում, Ադրբեջանի իշխանությունները նրա նկատմամբ հալածանքներ սկսեցին և այդ գիտնականը ընտանիքով ստիպված էր ապաստան խնդրել Գերմանիայում, որտեղ էլ բնակվում է առ այսօր»,- եզրափակեց Եպիսկոպոսյանը։