երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Ներկայացվել է մի շարք գերատեսչությունների՝ 2024 թ. եկամուտների և ծախսերի կատարողականը

Ներկայացվել է մի շարք գերատեսչությունների՝ 2024 թ. եկամուտների և ծախսերի կատարողականը

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները: Մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ խոսել են ծախսային ծրագրերի ու թվային ցուցանիշների վերաբերյալ, պատասխանել պատգամավորների հարցերին:

Կադաստրի կոմիտեն իրականացրել է 1 ծրագիր եւ 13 միջոցառում: 2024 թվականի ավարտին մեկ միջոցառում կատարված չի եղել: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի պարզաբանմամբ դա կապված է եղել «Ռիելթերական գործունեության մասին» օրենքի նախագծի լրամշակման եւ քննարկումների հետ կապված ձգձգումներով:

 

Հաշվետու տարում կոմիտեն Ազգային ժողով է ներկայացրել 6 օրենքի նախագիծ, Կառավարության 18 որոշում, կոմիտեի ղեկավարի 5 հրամաններ են հաստատվել:

Կադաստրի կոմիտեի ճշգրտված բյուջեն կազմել է շուրջ 4.5 մլրդ դրամ, կատարողականը՝ 96.2 տոկոս:

Կոմիտեի մատուցած ծառայությունների արդյունքում հավաքագրվել է շուրջ 8.7 մլրդ դրամ:

Գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նաեւ կառուցվածքային, էլեկտրոնային համակարգի բարեփոխումները: Նա գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ 2019 թվականին Կադաստրի կոմիտե հասցեագրված ամբողջական դիմումների մոտավորապես 3 տոկոսն է եղել էլեկտրոնային համակարգերի օգնությամբ, մինչդեռ 2024 թվականին 955.000 դիմումների 45 տոկոսը ստացվել է բացառապես այդ համակարգով: Թղթային տարբերակով միայն տրամադրվում է արխիվային գործից կնքված պատճենը:

Կարեւորվել է 2024 թվականի ավարտին «Անձնական գրասենյակ» ծառայության գործիքակազմի ներդրումը:

 

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանի տեղեկացմամբ հաշվետու տարում կառույցի ընթացիկ ծախսերը ճշտված պլանով կազմել են 597 մլն 12 հազար դրամ, իսկ փաստացի ծախսը՝ 588 մլն 899 հազար դրամ: Կատարողականը կազմել է 98,6 տոկոս: Գումարի մեծ մասը հատկացվել է աշխատողների աշխատավարձին եւ դրան հավասարեցված վճարներին:

Մնացած մասը հատկացվել է ընթացիկ ծախսերին:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ներկայացրել է իր ղեկավարած ոլորտի 2024 թվականի պետական բյուջեի հատկացումներն ու իրականացրած աշխատանքները: ՀԾԿՀ-ին հանրային ծառայությունների ոլորտի կարգավորման ծրագրի շրջանակում 2024 թվակակին տրամադրվել է 1 մլրդ 117 մլն 300 հազար դրամ, որը կազմել է ծրագրված ցուցանիշի 90.9 տոկոսը:

 

Միջոցները հիմնականում ուղղվել են «Հանրային ծառայությունների ոլորտում կարգավորման իրականացում» միջոցառմանը, որը կատարվել է 97.9 տոկոսով՝ պայմանավորված տնտեսումներով:

Մեսրոպ Մեսրոպյանի խոսքով հանձնաժողովը 2024 թվականին ապահովել է 1 մլրդ 466 մլն դրամի չափով պետական գույքերի հարկային եւ այլ եկամուտների մուտքեր ՀՀ պետական բյուջե:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն 2024 թվականին 1 ծրագրի եւ 9 միջոցառումների իրականացման համար փաստացի ծախսել է 16,9 մլրդ դրամ:

Կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի խոսքով «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակում եւ տեղայնացում» միջացառմանը հատկացվել է 273,1 մլն դրամ, կատարողականը կազմել է 81,4 տոկոս:

«Շենքերի եւ շինությունների մատչելիություն եւ անձնագրավորում» միջոցառմանն ուղղված ծախսերի համար հատկացվել է 75 մլն դրամ, որը կատարվել է 49,8 մլն դրամի չափով:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը նշել է, որ միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորմամբ համակցված թղթերի մշակման համար հատկացված 298,5 մլն դրամն իրացվել է ամբողջությամբ: «Արդեն Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներն ու բնակավայրերը միկրոռեգիոնալ տարածական պլանավորման թղթի շրջանակում ունեն իրենց գլխավոր հատակագծերը, բացառությամբ երկու բնակավայրի, որոնք հաստատման փուլում են գտնվում»,- ընդգծել է նա:

 

Քաղաքաշինության բնագավառում պետական ծրագրերի իրականացման ապահովման միջոցառման շրջանակում 2024 թվականին իրականացվել են ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում նոր բնակելի թաղամասի եւ Շուռնուխ բնակավայրում 13 բնակելի տների կառուցման աշխատանքներ:

  • Կիսվել: