ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Որոնք են Երևանի օդի աղտոտման հիմնական պատճառները և ինչ միջոցներ են պատրաստվում կիրառել պատկան մարմինները իրավիճակը շտկելու ուղղությամբ․ պարզաբանում է քաղաքապետարանը

Որոնք են Երևանի օդի աղտոտման հիմնական պատճառները և ինչ միջոցներ են պատրաստվում կիրառել պատկան մարմինները իրավիճակը շտկելու ուղղությամբ․ պարզաբանում է քաղաքապետարանը

Երևանի օդի աղտոտվածության թեման վերջին ամիսներին վերածվել է հանրային օրակարգի ոչ միայն երևանցիների, այլև մայրաքաղաք այլցելած զբոսաշրջիկների, ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատած օտարերկրացիների շրջանում։

Չնայած հանրային տագնապին և հարցի արդիականությանը՝ պետական պատկան մարմինները երկար ժամանակ չէին նկատում խնդիրը կամ այն մատնել էին անուշադրության՝ գերադասելով պահպանել քար լռություն։

Միայն  վերջին օրերին սոցցանցերում հիմնականում ռուս ռելոկանտների բարձրացրած աղմուկից հետո խնդրին առաջինը արձագանքեց Երևանի քաղաքապետարանը «Ակտիվ քաղաքացի» հավելվածի միջոցով։ Քաղաքապետարանից արձանագրել էին, որ ձմռանը մայրաքաղաքի օդի որակի անկման պատճառը հոկտեմբեր ամսից սկսած Գեղամա լեռներից դեպի Երևան փչող քամիների կտրուկ նվազումն է։ Ըստ պարզաբանման՝ Երևանի օդի մաքրման հիմնական մեխանիզմը Գեղամա լեռներից փչող քամիներն են, որոնք ապահովում է մայրաքաղաքի օդափոխությունը։ Դրանք հիմնականում սկսվում են մարտ-ապրիլ ամիսներին և դադարում են հոկտեմբերից։ Այդ իսկ պատճառով ձմռանը մայրաքաղաքի աղտոտված օդը լճանում է, իսկ ցուրտ եղանակային պայմաններում նաև սեղմվում-խտանում, ինչը բերում է օդի որակի ցուցանիշների անկմանը։             

Ի՞սկ որոնք են Երևանի օդի աղտոտման հիմնական պատճառները, արդյո՞ք օդի աղտոտվածության այս տարվա ցուցանիշները գերազանցում են նախորդ տարիների ցուցանիշներին։ Այս և այլ հարցերի պատասխանները InfoPort.am-ը փորձեց ստանալ Երևանի Քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանից։

Պ-ն Ավետիսյան, կասե՞ք, արդյո՞ք Երևան քաղաքի օդի աղտոտվածության այս տարվա աշնան և ձմռան առաջին ամսվա ցուցանիշները տարբերվո՞ւմ են նախորդ տարիների նույն ժամանակահատվածի ցուցանիշներից։

-  Երևանի քաղաքապետարանը օդի որակի մոնիթորինգ սկսել է իրականացնել 2022 թվականից, երբ ձեռք բերվեցին օդի որակի մոնիթորինգի առաջին հինգ սարքերը (ներկայումս դրանք 149 են)։ Եվ այս երեք տարվա մեր ուսումնասիրությունները, որոնք համընկնում են նաև Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալների հետ, ցույց են տալիս, որ Երևանի օդի որակը Գեղամա լեռներից եկող քամիների դադարելուց հետո ձմռան ամիսներին վատթարանում է, իսկ մարտ-ապրիլից սկսած, երբ քամիները վերսկսվում են, ցուցանիշները որոշակի բարելավվում են։  Սակայն պետք է հատուկ ընդգծեմ, որ այս տարվա աշնան և ձմռան առաջին ամսվա ցուցանիշները էականորեն չեն տարբերվում նախորդ տարիների նույն ժամանակահատվածի ցուցանիշներից։ Իսկ հանրային լայն արձագանք այս հարցը ստացավ այն բանից հետո, երբ քաղաքապետարանը իր կողմից իրականացվող մոնիթորինգի արդյունքները սկսեց հրապարակել իր կայքում։

Պ-ն Ավետիսյան, իսկ որո՞նք են Երևանի օդի աղտոտվածության հիմնական պատճառները, համացանցում բազում կենցաղային մակարդակի վարկածներ են հնչում՝ մեկը օդի վատ որակը բացատրում է Նուբարաշենի աղբավայրի այրմամբ, ՀՀ-ը տեղափոխված օտարերկրացիները իրենց սոցցանցերում համատարած դա պատճառաբանում են այն բանով, թե իբր Երևանի բնակիչները ձմռան ամիսներին մասսայաբար իրենց բնակարաններում աղբ են այրում տաքանալու համար, դա այն դեպքում, երբ Երևանը 90%-ով գազիֆիկացված քաղաք է։ Կուզենայի մասնագիտական վերլուծություն լսել այս առնչությամբ․․․

-Պետք է նշեմ, որ աղբի այրման վարկածները, իբրև օդի աղտոտվածության պատճառ, զուտ կենցաղային մակարդակի խոսակցություններ են, որովհետև նախ՝ Երևանի բնակֆոնդի մեծ մասը ջեռուցվում է կամ գազի կաթսաների, կամ էլեկտրական տաքացուցիչների միջոցով, եվ բնակֆոնդի առավելագույնը 10% է ջեռուցվում վառարաններով, ինչը օդի որակի վրա էական ազդեցություն թողնել չի կարող։ Նույնը կարող եմ ասել Նուբարաշենի աղբավայրի այրման մասին։ Եթե օդի աղտոտման պատճառը լիներ թափոնների այրումը, ապա օդի մեջ կավելանային դրա հետևանքով գոյացող արտանետումները՝ ծանր մետաղները՝ ծծումբը, ազոտը։ Այնինչ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ծանր մետաղների պարունակությունը Երևանի օդային ավազանում մի քանի անգամ նվազ է թույլատրելի սահմանից։ Երևանի օդի աղտոտման հիմնական պատճառը փոշին է, որը մեծ քանակությամբ գոյանում է քաղաքում և մերձակայքում շահագործվող ավազի հանքերից և իհարկե լայնամասշտաբ շինարարությունից։ Ուզում եմ հատուկ ընդգծել, որ թեև Երևանի օդի որակը ընդհանուր առմամբ լավը չէ, սակայն փոշոտ օդը իր վտանգավորությամբ երբեք չի կարելի համեմատել, օրինակ ծանր մետաղներով աղտոտված օդի հետ։ Այդ առումով տեղին չէ սոցցանցերում Երևանը աշխարհի այլ էկոլոգիապես ոչ բարենպաստ մայրաքաղաքների հետ համեմատելը։ Փոշոտ օդը վտանգ է ներկայացնում հիմնականում խոցելի շերտերի համար, որոնք ցանկալի է դրսում կրեն դիմակ, բնակչության առողջ հատվածի համար այն էական վտանգ չի ներկայացնում։      

Լավ, իսկ պատկան կառույցները, մասնավորապես Երևանի քաղաքապետարանը, ի՞նչ քայլեր է ձեռնարկում այս խնդրի լուծման ուղղությամբ։   

-Հաշվի առնելով խնդրի արդիականությունը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երկու օր առաջ հանձնարարեց մշակել մայրաքաղաքի օդային ավազանի աղտոտվածության նվազեցման քառամյա պլան, որը պետք է ներկայացվի երկու ամսվա ընթացքում։ Այն ներառելու է Երևանի և մերձակայքի կանաչ և անտառային հատվածների ավելացում, Երևանում նոր ջրային ավազանների կառուցում, ձմեռային ամիսներին շինարարության և հանքարդյունաբերության դադարեցում կամ նվազեցում, հին ավտոմեքենաների շահագործման սահմանափակում։ Ըստ պլանի՝ նախատեսվում է բացի մայրաքաղաքային կանաչ տարածքների ավելացումը Երևանի մերձակայքում տնկել գոտիավորող անտառներ։ Բացի այդ նախատեսվում է երկու-երեք մեծ ջրաավազանների կառուցում։ Կարճաժամկետ առումով շինարարության, հանքարդյունաբերության և հին տրանսպորտի շահագործման սահմանափակումները կտան որոշակի դրական արդյունքներ։ Իսկ այ 4-5 տարի հետո, երբ տնկված ծառեռը կսկսեն կատարել օդի մաքրման իրենց սանիտարական ֆունկցիան, իսկ ջրավազաններ էլ փոշու կլանման, հուսով ենք, օդի որակը էականորեն կբարելավվի։

Պ-ն Ավետիսյան, Դուք նշեցիք, որ օդի ախտոտման հիմնական պատճառներից մեկը Երևանում ընթացող լայնամասշտաբ շինարարությունն է։ Ինչու՞ Քաղաքապետարանը չի քննարկում մայրաքաղաքում նոր շինթույլտվություններից հրաժարվելու և Երևանը փակ գոտի հռչակելու տարբերակը։ Չէ որ մայրաքաղաքը առանց այն էլ գերծանրաբեռնված է։

-Ի պաշտոնե ես լիազորված չեն պատասխանելու այդ հարցին։ Բայց իմ կարծիքով, 2025 թվականից եկամտահարկով հիփոթեքային վարկավորման մեխանիզմից հրաժարվելու պարագայում շինարարական եռուզեռը Երևանում էականորեն կնվազի և այն նոր թափ կստանա հանրապետության այլ բնակավայրերում։ Մեր մասով արդեն իսկ նկատվում է այդ միտումը՝ եթե նախորդ տարիներին շնթույլտվության համար ամսեկան կտրվածքով բնապահպանական փորձաքննության 20-30 հայտ էինք ստանում, ապա վերջին շրջանում այդ ցուցանիշը նվազել է ամսեկան 5-6-ի և հետզհետե, իմ կարծիքով, էլ ավելի կնվազի։

Երևան քաղաքում օդի աղտոտվածության հետ կապված այս և այլ հարցերի վերաբերյալ InfoPort.am-ը և մի շարք այլ լրատվամիջոցներ դիմել էին նաև Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարություն ևս։ Սակայն մի քանի օր շարունակ ՇՄՆ-ի համապատասխան պաշտոնյաները հարցազրույցներ կազմակերպելու վերաբերյալ սին խոստումներ տալով՝ խուսանավում էին լրագրողների հարցերից։ Պարզվեց, որ առ այսօր Նախարարությունը նույնիսկ այդ հարցը չի քննարկել և «չի որոշել, թե ինչ պատասխաններ պետք է տան լրագրողներին»։ Եվ միայն այսօր աշխատանքային օրվա ավարտին ՇՄՆ-ում պետք է տեղի ունենար համապատասխան խորհրդակցություն։

InfoPort.am-ը այս հարցով դիմել է նաև Առողջապահության նախարարություն՝ մայրաքաղաքում ոչ ինֆեկցիոն բնույթի թոքային և բրոնխիալ հիվանդությունների վիճակագրական տվյալները ստանալու համար։ Պատասխանները ստանալուն պես մեր խմբագրությունը այն կներկայացնի ընթերցողներին։ 

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: