չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Ախտահանվում է Շիրակի մարզի ներմարզային ուղևորատար տրանսպորտը

Ախտահանվում է Շիրակի մարզի ներմարզային ուղևորատար տրանսպորտը

Շիրակի մարզի ներհամայնքային ու ներմարզային երթուղիները սպասարկող տրանսպորտն ամեն օր ախտահանվում է: Հստակ հրահանգ ու ցուցում կա ուղևորափոխադրող ընկերություններին ու համայնքապետարաններին, համաձայն որոնց՝ երթուղու սկզբնակետում և վերջնակետում տրանսպորտային միջոցներն ախտահանվում են, վարորդներին նույնպես տրամադրվել են անհատական պաշտպանիչ միջոցներ և լուծույթներ: Մարզի բոլոր ուղղություններով երթուղիները պահպանվել են: Պայմանավորված ուղևորների թվի նվազմամբ՝ նվազեցվել է դրանց հաճախականությունը:

 

Շիրակի մարզի ներմարզային ու միջմարզային երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների վարորդների աշխատանքային օրը սկսվում է Գյումրիի ավտոկայանի բուժկետից: Անկախ տարիքից ու ինքնազգացողությունից՝ բոլորը ջերմաչափվում են:

Ղեկին նստելու թույլտվություն ստանում են, եթե ջերմություն ու ինքնազգացողության վատացում չունեն, իսկ տրանսպորտային միջոցները ճանապարհ դուրս գալուց առաջ ախտահանվում են:

«Ամբողջությամբ ներմարզային ուղղությունները սպասարկվում են: Բոլոր համայնքների կապը ապահովվում է Գյումրիի հետ: Մարզում ունենք 49 երթուղի, 49-ում էլ ամեն օր ախտահանման աշխատանքներ են կատարվում: Երթուղու սկզբնամասում և վերջնամասում անպայման ախտահանվում են տրանսպորտային միջոցները: Ունենք երթուղիներ, որոնք խմբավորվել են: Եթե մեկ ընկերություն սպասարկում է մի քանի երթուղի նույն ուղղությամբ, այդ երթուղիները խմբավորվել են»,- SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը:

Վարորդները դիմակներ ու ձեռնոցներ են կրում: Նրանք հարկադիր պարապուրդի մեջ գտնվել չեն կարող՝ պետք է ապահովեն մարզի բոլոր բնակավայարերի կապը Գյումրիի հետ: Բացառություն են միայն երկու վարորդներ, որոնք ռիսկային խմբում են, ու տրանսպորտային ընկերությունները նրանց արձակուրդի են ուղարկել: Մյուսներն աշխատում են, բայց աշխատանքային գրաֆիկը փոխվել է` ուղևորներն ինքնամեկուսացել են, գյուղից քաղաք քչերն են գալիս:

 

Գյումրի-Երևան միկորավտոբուսային երթուղին սովորաբար մեկնում էր յուրաքանչյուր ժամը մեկ պարբերականությամբ: Ուղևորների ինքնամեկուսացման հետևանքները հանգեցրել են ուղերթների քանակի նվազեցման:

 

Ուղևորների պակասը ինքնաբերաբար ապահովել է այն պահանջը, որը ներկայացվում է սպասարկող ընկերություններին՝ միկրոավտոբուսներում պետք է լինի այնքան մարդ, ինչքան նստատեղ:

 

Գյումրիի շենքերում համատիրությունները շարունակում են ախտահանման աշխատանքները մուտքերում: Քլորաջրի լուծույթով բոլոր մուտքերում ախտահանում են բռնակները, աստիճանահարթակները:

 

«Մեր սպասարկման տարածքում գտնվող 55 շենքի 148 մուտքերն ախտահանվել են առաջին փուլով: Երկրորդ փուլը սկսել ենք այսօրվանից: Ազդեցությունը կարող է պահել մոտավորապես 5 օր: 5 օր հետո նորից կկրկնենք նույն պրոցեսը»,- SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Գյումրիի «Գարուն» համատիրության նախագահ Համլետ Հովհաննիսյանը:

 

Մուտքերի դռների բռնակները, աստիճանավանդակները վտանգավոր հատվածներն են, որոնք կարող են վիրուսի փոխանցման վտանգ ներկայացնել: Դրա համար էլ ախտահանման աշխատանքները 5 օրը մեկ պարբերականությամբ են կատարվում: Ճիշտ այդքան է մեկանգամյա ախտահանման ազգեցությունը: Այս ռեժիմով համատիրություններն աշխատելու են առնվազն մինչև արտակարգ դրության ավարտը:

  • Կիսվել: