Սևանում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել Mercedes-ում․ վարորդին և ուղևորին հասցրել են հիվանդանոց
Հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 60 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Խաչիկ Ա․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, հաղորդում է Shamshyan.com–ը։
Պայթյունի հետևանքով վարորդին և ուղևորին առաջինը օգնության են հասել պարեկները, որոնք նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել ապա ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են «Սևան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները ու նախ մարել են մեքենայի սրահում առաջացած կրակը, որը ըստ նախնական տեղեկությունների առաջացել է գազի արտահոսքի հետևանքով, այնուհետև փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել են հերթապահություն։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի հետ հիվանդանոց տեղափոխված ուղևորի ինքնությունը։