23-ամյա վարորդը ոստիկանների վրա դանակ է թափ տվել
Այսօր ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ոստիկանության Արմավիրի բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու, տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 14:00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում ծառայություն իրականացնելիս ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները նկատել են Mercedes մակնիշի 36 FՍ 589 համարանիշի ավտոմեքենա, որի առջևի համարանիշը բացակայում էր:
Ոստիկանները նկատել են նաև, որ ավտոմեքենայի հետևի հողմապակուն փակցված է հանցագործ աշխարհում օգտագործվող «ութանկյուն» նշանը, ինչը խորացրել է նրանց կասկածները և նրանք որոշել են ստուգման նպատակով կանգնեցնել ավտոմեքենան:
Ոստիկանները՝ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության վարչական շենքի հարևանությամբ կանգնեցրել են ավտոմեքենան և վարորդը՝ Արմավիր քաղաքի բնակիչ, 23-ամյա Կարեն Մանուկյանը, սկսել է զազրախոսել իրեն կանգնեցրած ոստիկանների և ոստիկանության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցների հետ:
Հայտնի խոսք կա. «Կատվի խաղը մկան մահն է» ու երիտասարդ, օրինախախտ վարորդը բերման է ենթարկվում ոստիկանություն, սակայն նա բերման ենթարկվելու ժամանակ ավտոմեքենայի միջից վերցնում է սառը զենքի նմանվող մի մեծ դանակ ու սկսում թափահարել: Սակայն այստեղ էլ ոստիկանների հմուտ գործողությունների արդյունքում երիտասարդի «սուսերով պարը» ընդհատվում է:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արմավիրի բանժի պահպանվող հատուկ տարածք, դանակն էլ առգրավվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: