Կազմակերպել է Մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման ՀՀ ազգային մեխանիզմի ազգային համակարգողների վերապատրաստում
Նոյեմբերի 24-26-ը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը, Մարդու իրավունքների դանիական ինստիտուտի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությամբ, ՀՀ ԱԳՄԱՆ Դիվանագիտական դպրոցում կազմակերպել է Մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման ՀՀ ազգային մեխանիզմի (NMIRF) ազգային համակարգողների վերապատրաստում։
Վերապատրաստումը բաղկացած է մի քանի հիմնական բաղադրիչներից, որոնց շրջանակներում անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի և ազգային մակարդակներում իրականացվող աշխատանքներին ու սահմանված առաջնահերթություններին։
Վերապատրաստման առաջին՝ միջազգային բաղադրիչի շրջանակում, փորձագետները ներկայացրել են ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններին և Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի շրջանակներում Հայաստանի կողմից զեկույցների ներկայացման, այդ մարմինների և մեխանիզմների կողմից ներկայացված հանձնարարականների կատարման, ինչպես նաև ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի հետ համագործակցության գործընթացները։ Անդրադարձ է կատարվել նաև ոլորտի պատասխանատուների մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ գործնական հմտությունների զարգացմանը։
Քննարկումների ընթացքում ներկայացվել է ազգային մեխանիզմի AI-NEMRA թվային հարթակը, որը նպատակ ունի նպաստել միջազգային հաշվետվողականության, հանձնարարականների կատարման և դրանց իրականացման մշտադիտարկման գործընթացների արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև դրա գործնական կիրառման հնարավորությունները։
Մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման և դրանից բխող հետագա քայլերի ապահովման ՀՀ ազգային մեխանիզմի ստեղծվել է ՀՀ վարչապետի՝ 2024 թվականի նոյեմբերի 18-ի N 1031-Ա որոշմամբ, իսկ դրա AI-NEMRA թվային հարթակը գործարկվել է 2025 թվականի դեկտեմբերի 1-ին։ Նախաձեռնությունն ուղղված է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի ինստիտուցիոնալ ամրապնդմանը, ինչպես նաև մշտադիտարկման և միջգերատեսչական աշխատանքների համակարգման ազգային կարողությունների զարգացմանը։ Թվային հարթակը մեկտեղում է միջազգային մարմիններին ներկայացված ՀՀ զեկույցները, Հայաստանին հասցեագրված հանձնարարականները և դրանց կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը։ Այն նպաստում է միջգերատեսչական համագործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև գործընթացների առավել բաց և թափանցիկ դարձնելուն ու հանրության համար դրանց հասանելիությունն ու ընկալելիությունն ապահովելուն։



